Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9. ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

I

Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլև օտարներին։ Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միևնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ։ Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը իր հիվանդապին տարակուսանքների լուծումն որոնելով։ Այո, հիվանդագին էին այդ մտորումները, պետք է խոստովանել, չնայած ընդհանուր ոգևորության։ Հայության համար չափազանց կարևոր, կյանքի և մահու խնդրի բնավորություն ստացած այդ տարաբախտ հարցը իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր ամբողջ ծանրությամբ, անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, գուշակությունների և դատողությունների ժխոր ստեղծելով։

Բավական է թռուցիկ մի ակնարկ նետել մեր ազգի մերձակա պատմության վրա, որպեսզի համոզվես, թե որքա՜ն կարևոր ու վճռական դեր է հատկացրել մեր մտավորականությունը այդ չարաբախտ խնդրին։ Բավական է թերթել մեր գրականության լավագույն ներկայացուցիչների երկերը՝ համոզվելու համար, թե ի՞նչ նշանակություն է ստացել այդ հարցը մեր կյանքում, որպիսի անմոռանալի ոգևորությունների, զոհաբերումների, որպիսի ծանր հիասթափումների ու լքումի աղբյուր է եղել մեր ոչ միայն մտավորականության, այլ նաև ժողովրդի ամենալայն խավերի համար։ Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն