Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին դասախոսները դեպի թուրքահայերի կուլտուրական վճռական դերը հայության կյանքում։ Հայության գլխավոր կոլտուրական կենտրոնը ներկայանում է ըստ այդ տեսակետի էրզրումը, Վանը, Մուշը, մի խոսքով Թուրքաց Հայաստանի կենտրոնները։

Ընդհանուր առմամբ՝ դասախոսները լավատեսությամբ էին տոգորված հայության կուլտուրական ապագայի վերաբերմամբ։ Սակայն, երբ ես կարդացի լրագրում այդ դասախոսությունների բովանդակությունը, չտոգորվեցի նույն լավատեսությամբ, որովհետև նրանց լավատեսությունը հիմնված էր թուրքահայ խնդրի լուծման վրա և այն հավատի վրա, որ տածում էին նրանք դեպի թուրքահայերի կուլտուրական ապագան, մինչդեռ ինձ զբաղեցնում էր ամբողջ հայության կուլտուրական ապագայի խնդիրը։

Մինչդեռ ինձ համար միանգամայն անընդունելի էր այդ կոնցեպցիան՝ ոչ միայն իբր մտածողություն, այլև իբր զգացողություն։ Բայց դա կարևոր չէ, որովհետև ուղիղ թե սխալ՝վերը հիշածս իդեոլոգիայի ներկայացուցիչները այնուամենայնիվ ունեին իրանց առջև մի ուղեցույց աստղ հայության ապագան, որ ինձ համար էլ կենսական ու կարևոր, այժմեական ու հրատապ էր թվում, ինչպես թվում է և այժմ։ Դրա համար ես հասկանում եմ, երբ այդ ուղղության մարդիկ զայրույթ են զգում կարդալով այն հոդվածները, որոնց հեղինակները մտահոգվում են թուրքահայերի և առհասարակ հայերի ֆիզիկական գոյությունը ապահովելու մասին։ Ոչ, ասում են նրանք, հարցը հայության ֆիզիկականի մասին չէ, այլ նրա ամբողջ ապագայի, նրա կուլտուրական ստացվածքների, նրա հոգեկան ինքնության մասին։ Պետք է միջանկյալ նկատեմ, որ հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասին խոսողները, իհարկե, պակաս չեն շահագրգռված հայության կուլտուրական և հոգեկան ստացվածքների վերաբերմամբ, միայն այս անգամ ևս տարբերությունը այլ տեղ պետք է որոնել։ Բանն այն է, որ ֆիզիկականի մասին մտահոգվողները այնպիսի գերագույն ու վճռական հույսեր չունեն ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչ հույսեր անտարակույս տածում են նրանք, որոնք ամբողջ հայության ապագայի հարցը կապում են թուրքահայերի հետ։

Չընծայելով թուրքահայության այդպիսի վճռական դեր, այնուամենայնիվ, բնականաբար, ամեն մի հայ պիտի շահագրգռված լինի թուրքահայերի ազատագրումով, ինչ ձևով էլ լինի այդ