Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուրեմն պարզ է, որ հակադրություն չկա այստեղ, այլ ընդհակառակը համադրություն կա, քանի որ ֆիզիկականի մասին հոգացողներն ևս հայության ապագայի խնդրով են զբաղված։ Ուրեմն էական խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը։ Վերը հիշածս ուղղության մարդիկ ազգի այդ կուլտուրական ապագայի հարցի լուծումը որոնում են թուրքահայկական հարցի լուծման սահմաններում։

III

Սակայն կա մի ավելի տարօրինակ թյուրիմացություն։ Դա հայ բուրժուազիայի և մանավանդ բուրժուական ինտելիգենցիայի բռնած դիրքն է։ Այսպես թե այնպես՝ վերը հիշածս ուղղության իդեոլոգները (որոնց օտար չեն որոշ դեմոկրատական սկզբունքներ ու համակրություններ) հանուն ազգային ապագայի ուզում են հայության ճակատագիրը միանգամից լուծել, մի հարվածով կտրել այդ գորդյան հանգույցը, մի հերոսական ճիգով վերջ դնել ծանր ու տարտամ վիճակին հայ բուրժուական ինտելիգենցիան, ինչպես և հայ բուրժուազիան չգիտես ի՞նչ են կամենում։

Ազգային ինտելիգենցիան պարզ կերպով առաջացրել է ազգային կուլտուրական ապագայի հեռանկարը։ Բուրժուական ինտելիգենցիան, որ սովորաբար հարում է քաղաքական լիբերալ ուղղություններին, այս դեպքում մի տարօրինակ համերաշխություն է ցույց տալիս ազգային մտավորականներին։ Այն ազգայիններին, որոնցից դեռ երեկ այնպիսի ահաբեկ սրտով ու անկեղծ դժգոհությամբ հրաժարվում էր։ Այժմ մի զարմանալի մետամորֆոզ է կատարվել։ Ես ասացի, որ ազգային ինտելիգենցիան ունի իր որոշ հեռանկարը, որոշ նպատակը (որի ներքին պարունակությունը գուցե և պարզ չէ պատկերացնում), իսկ ի՞նչ նպատակով, ի՞նչ հեռանկարով է ղեկավարվում հայ բուրժուական ինտելիգենցիան։ Ի՞նչ է կամենում նա «Հայաստան» ասելով։ Ի՞նչ է նշանակում այդ բառը նրա շրթունքներում։

Եթե ենթադրելու լինենք նույն «ազգի կուլտուրական ապագան», պետք է ենթադրենք այդ բուրժուական ինտելիգենցիայի մեջ որոշ ազգային կուլտուրական գունավորում, ազգային կուլտուրական որոշ գաղափարներ, որոշ ձգտում, մինչդեռ ամենից առաջ