Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին դարձել՝ հայկական հարցին ծառայելու ջերմ փափագով տտգորված։

Ես չէի կամենա ենթադրել, որ այստեղ եղել են այլ դրդապատճառներ։

Անշուշտ այդ բոլոր պարոնները կամենում էին «ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի և հայերի անցյալի ու ներկայի հետ ծանոթացնել» և դրանով որոշ չափով ծառայած լինել իրանց դժբախտ հայրենիքին ու հայրենակիցներին։

Կարծում եմ, իհարկե, որ նույն զգացումով տոգորված էին և այն վրացիները, որ չկամեցան ետ մնալ այդօրինակ հայ հայրենասերներից և նույնպես ասպարեզ եկան ռուս մամուլի էջերում։

Ես ըստ կարյաց չափու հետևում էի այդ հոդվածներին և տեղեկություններին և ի վերջո համոզվեցի, որ այդ պարոնները, գուցե հակառակ իրանց ցանկության՝ միայն արհամարհանք կարող են զարթեցնել դեպի մեզ իրանց հոդվածներով ու տեղեկություններով։

Հայ մամուլի մեջ միանգամայն իրավացի կերպով բողոքեցին այդ պարոններից մեկի դեմ, որ «Речь» նման ազդեցիկ թերթում պետեղել էր «Ախումով» ստորագրությամբ մի հոդված, որից պարզ երևում էր, որ հեղինակը միանգամայն անտեղյակ է այն բաներից, որոնց մասին գրում է։

Հայ մամուլում այդ հոդվածի դեմ բողոքողները դա ամենայն իրավամբ «արջի ծառայություն» էին անվանել։ Իհարկե, կարելի էր մեղադրել և այն խմբագրությունները, որոնք տպում են այդ ամենը, սակայն ի՞նչ արած, ինչպես վերևն ասացի, ռուս մամուլը մեզանով այնքան լի հետաքրքրվում, որ առանձին խնամքով և ուշքով վերաբերվի դեպի մեզ վերաբերվող իրան առաջարկված նյութը։ Իհարկե, որևէ ռուսական հարցի վերաբերող հոդված նա չի անցկացնի այդպիսի հեշտությամբ. ինչո՞ւ ռուսական, նույնիսկ լեհական, ուկրաինական հարցերի վերաբերմամբ այդպիսի անիմաստ ու հաճախ զավեշտական հոդվածներ երբեք իրան թույլ չի տա ռուս մամուլը տպելու իր էջերում։

Եվ այդ ամեն տեսակ հոդված տպելն էլ արտահայտություն է այն արհամարհոտ և անուշադիր վերաբերմունքի դեպի Կովկասն ու մասնավորապես հայերը, որով տոգորված է ամբողջ ռուս մամուլը։