«Ծանոթացնել ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի անցյալի և ներկայի հետ» — անտարակույս սա մի և կարևոր, և ազնիվ գործ է, սակայն ամենից առաջ նրանք, որ կամենում են այդ ազնիվ ու կարևոր գործը կատարել, պիտի իրանք ծանոթ լինեն Հայաստանի անցյալին ու ներկային, սա մի տարրական պահանջ է։ Մինչգեռ մինչև այժմ ռուս մամուլի էջերում լույս տեսած հոդվածների ճնշող մեծամասնությունը հակառակն է ապացուցանում ։
Այն մարդիկ, որ ուզում են այդ ազնիվ գործն անել, իրանք չգիտեն ոչ Հայաստանի անցյալը, ոչ ներկան։
Ահա այդ պարոններին պետք է խորհուրդ տալ, որ նախքան ուրիշներին մի բանի ծանոթացնելը՝ իրանք իրանց ճանաչեն, քննեն իրանք իրանց և տեսնեն, թե ի՛նչ գիտեն և ի՛նչ չգիտեն, և ծանոթացնեն մարդկանց միայն այն բաներին, որ իրանք գիտեն։
Հակառակ դեպքում պետք է կասկածի ենթարկել նրանց հայրենասիրական ոգևորությունը, կամ ենթադրել, որ այդ մարդիկ միանգամայն կուրացած են իրանցով։
Հայության գիտակից բարեկամները երբեք չպիտի ուրախանան՝ կարդալով ռուս մամուլի էջերում սխալ ու սուտ տեղեկություններ Հայաստանի անցյալի և ներկայի վերաբերմամբ։ Այդ հայրենասեր պարոններին պետք է խնդրել, որ մի ուրիշ՝ ավելի արդյունավետ գործադրություն գտնեն իրանց եռուն ուժերի և ջերմ հայրենասիրական ոգևորության համար։
Այսօր կարդացի «Մշակ»-ում Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյի նամակը, որով նա հայտնում է, որ «Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, նպատակ ունենալով ծանոթացնել ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի անցյալի և ներկայի հետ, խնդրում է բոլոր ցանկացողներին ուղարկել իրանց հոդվածները բյուրոյին՝ զետեղելու համար ռուսական մամուլի օրգաններում...»:
Ի՞նչ է նշանակում այդ «բոլոր ցանկացողներին» դիմելը։
Կարծեք Հավլաբարի միկիտանի մի ցուցանակ կարդացի «Համեցեք — Распивочно и навынос!»...
Ես կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք կամենում են և կարող ես (դա է գլխավորը, կամենալը դեռ քիչ է, ընկեր-ուսանողներ) առանց ուսանողական բյուրոյի էլ կանեն իրանց գործը, իսկ նրանք, որոնք կարոտ են այդ ուսանողների պրոտեկցիային, լավ