Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է իրանց տեղերում հանգիստ նստեն և Հայաստանի ոչ անցյալը վիրավորեն իրանց տգիտությամբ, ոչ ներկային վնասեն իրանց արջի ծառայություններով։

Իսկ հայ ուսանողությունը պետք է միշտ հիշե՝ «Врачу, исцелися сам!»... Պետք է լավ հիշե այդ...

Նախքան ուրիշներին «ծանոթացնելը»՝ բյուրոն թող ուսանողության մասին հոգ տանի։ Ես, իբրև Մոսկվայի նախկին ուսանող, շատ լավ գիտեմ, թե որքա՛ն կարիք ունի Մոսկվայի հայ ուսանողությունը մի այդպիսի հոգացողության։

Բավական է մատնանշել թեկուզ այն հանգամանքը, որ հայ ուսանողության այդ ամենախոշոր հատվածը իր ճնշող մեծամասնությամբ ոչ հայ գրքի, ոչ էլ հայ լրագրի երես է տեսնում (ինչպես և մյուս քաղաքների ուսանողները), էլ չեմ խոսում հայերեն չիմանալու մասին...

Ահա այդպիսի՝ ուսանողության ներքին, կուլտուրական֊ազգային կարիքների վրա պետք է հրավիրել ոչ միայն ուսանողական բյուրոյի ուշադրությունը, այլև Մոսկվայի գիտակից ինտելիգենցիան:

Պետք է վերջապես ըմբռնել, որ որքան և ծանր լինի ներկա րոպեն, որքան էլ խոշոր մեր աչքի առջև կատարվող գործը է այնուամենայնիվ նրանք, որոնք կռվի դաշտում չեն, պետք է մտածեն և մեր վաղվա մասին, պետք է հասկանան, որ այսօր չի վերջանում ազգաշինության խոշոր ու վեհ գործը։

Այդ գործի համար մեզ միշտ հարկավոր են կարող և գիտակից ուժեր, մեզ հարկավոր է ներքին անդրդվելի կամք ու զորություն։

Եվ այդ ազգային գործի համար այսօր էլ պիտի հոգան ավելի ու ավելի մեծ եռանդով նրանք, որոնք այսպես թե այնպես նյութական մասնակցություն չունեն ներկա անցքերում։

Ինչ ոգևորությամբ որ մեր ուսանողների մեծ մասը դիմեց կռվի դաշտը, նույնպես պետք է ոգևորվի իր մտավոր-կուլտուրական զինվորությամբ հայ ուսանողությունը, պիտի ներշնչվի նույն հզոր կամքով ու սիրով, և դա կլինի նրա լավագույն նվերը մեր հայրենիքին, որ այնքան կարոտ է ազնիվ և կարող կուլտուրական ուժերի։