Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ րոպեին պոետն իրան երջանիկ էր զգում, բայց միանգամայն համոզված եմ դրանում։

Այդպես էր իմ տպավորությունը։

Մի օր իմ վրացի ընկերներից մեկը ասաց, որ Ակակի Ծերեթելին Մոսկվա պիտի գա, և իրանք արդեն պատրաստություն են տեսնում նրան ընդունելու։

Մի շաբաթ եռանդուն կերպով պատրաստվում էին ուսանողները՝ մի ամբողջ շաբաթ. ուր որ հանդիպում էի վրացի ուսանողներին, նրանց խոսակցության նյութը «Ակակին» էր...

«Ակակի...»

Զարմանալի բան. այդպես են կոչում նրանք իրանց հռչակավոր, ըստ երևույթին ահագին ժողովրդականություն վայելող պոետին։ Ինձ տարօրինակ և անհարմար թվաց դա. կարծես «ֆամիլիարություն» կար այդ բանում։ Բայց հետո ես տեսա, որ դա բնավ չէ խանգարում իմ ընկերներին ակնածությամբ ու հարգանքով վերաբերվելու դեպի պոետը, մի հարգանքով, որ երկրպագության էր հասնում։ Ըստ երևույթին, մտածեցի ես, նրանք այդպես են անվանում իրանց պոետին նրա համար, որ Ծերեթելին, բացի խոր հարգանքից, վայելում է նրանց մեջ նաև մի բացառիկ սեր:

Եվ իրավ որ նա վայելում էր այդպիսի սեր։

Ես ներկա եղա մի հանդեսի, որ վկայում էր այդ բուռն սերը։

Այդ հանդեսը «սիրո հանդես» կարելի էր կոչել։ Տեսել եմ ես այդպիսի հանդեսների պատիվ ռուս գրողների և հայ գրողների, բայց երբեք այնքա՛ն սրտագին, ընտանեկան, նահապետական սիրով լեցուն հանդես չեմ տեսել... Ուսանողների և սակավաթիվ մոսկվաբնակ վրացիների մի մասը գնացել էր կայարան այնտեղ պոետին դիմավորելու, իսկ մյուս մասը հավաքվել էր Գրական-գեղարվեստական ակումբում, որի դահլիճներից մեկում բանկետ պիտի կայանար ի պատիվ պոետի։ Իշխող տարրը ուսանողությունն էր։

Ոմանք ազգային տար աղով էին հագնված։ Երևի այդ հանգամանքը և սև կովկասցիների այդ համախմբումը հետաքրքրում էին ակումբի սովորական հաճախորդներին, և նրանցից շատերը մոտենում էին սրան-նրան ու հարցնում հավաքույթի նպատակի մասին:

[1]

  1. 9 Վահան Տերյան, հ. III