Բավական երկար սպասեց այդ ամբոխը, մինչև որ վերջապես մի քանի կառք շարքով մտան ակումբի բակը, և քիչ հետո դռները լայն բացվեցին, ու իշխան Սումբատովի ուղեկցությամբ ներս մտավ մի ծերուկ։ Իսկույն օդը լցվեց խնդագին աղաղակներով։ Եվ մինչդեռ պոետը դանդաղ վեր էր բարձրանում սանդուղքով, խռնված ամբոխը կենդանի ծաղիկներ էր թափում նրա վրա, նրա առաջ։
Մուտքի մոտ նրան ողջունեցին, և նա երկու խոսքով շնորհակալ եղավ։
Թվաց մի րոպե, որ նա շփոթված էր այդ բուռն զգացումների արտահայտությունից և հուզված։ Եվ սանդուղքից վեր ելնելիս նա մի տեսակ ձգվեց, ուղղվեց, կարծես վախենալով, որ կթուլանա։
Կողքիս կանգնած մի ռուս ժուռնալիստ դիմեց ինձ.
— Ինչո՞վ է բացատրվում այս անօրինակ սերը դեպի մի պոետ։
— Չգիտեմ,— ասացի և առաջին անգամ կյանքումս ինձ շատ վատ զգացի վրացերեն չիմանալուս համար, որովհետև ես չգիտե անգամ, թե ի՞նչ է գրել Ծերեթելին։
Ի՞նչ կարող էի պատասխանել հարցասեր ռուսին, որը գիտեր որ ես հայ եմ, բայց հավատացած էր, որ ես պիտի լավ ճանաչե վրացիներին։ Եվ իրավացի էր իհարկե իմ ծանոթ ռուսը, սպասելով, որ ես ավե՛լի տեղյակ կլինե՛մ մեր դարավոր հարևան մոտի մի ժողովրդի կյանքին ու գրականությանը։ Սակայն քանի՞ հայ կարող է պարծենալ մի այդպիսի գիտությամբ։
Ես երբեք այդպես ծեր չէի երևակայում Ծերեթելիին, երբ ընկերներս խոսում էին նրա մասին։ Բայց այդտեղ, երբ դահլիճ հասավ պոետը և նստեց, ես մտաբերեցի մեր Հայրիկին, և թվաց րոպե, որ սա էլ նրա պես պիտի ասե՝ «Հայրիկը հոգնեց»...
Դահլիճը լի էր հասարակությամբ, գլխավորապես երիտասարդ-ուսանող հասարակությամբ։
Սեղանի վրա առաջին խոսքերը ասացին Մոսկվայի վրաց գաղութի ներկայացուցիչները, «հասակավորները»` եթե կարելի այսպես ասել։
Ապա խոսքը ուսանողներին անցավ։
Այստեղ միանգամից փայլեց պոետի դեմքը, ժպիտը այլևս իջնում նրա շրթունքներից։