նախ այն, որ շատ սակավ են դժբախտաբար հայ արվեստագետները և նույնքան սակավ Ընկերության նյութական միջոցները։ Այդպիսի ընկերությունները սովորաբար ապրում են ու աճում կողմնակի նյութական օժանդակությամբ, որ շատ բնական է (այդպես է և ռուսների մեջ, որ մեզանից հազարապատիկ ավելի արվեստասեր հասարակություն ունեն), մինչդեռ այս Ընկերությունը պահպանում է իր գոյությունը առանց որևէ նյութական օժանդակության՝ ծածկելով իր ծախսերը մուտքի չնչին վճարներով ու անդամավճարներով։
Այս երեկույթին մասնակցում էին մի շարք արտիստներ ու արտիստուհիներ։ Առանձին հաջողություն էր վայելում, ինչպես միշտ, երգիչ Վարդը և Ամիրջանը, որ երեկույթի վերջում հայտնի երաժշտագետ Կազաշենկոյի նվագակցությամբ երգեց «Արևն ելավ» և «Մեր Հայրենիքը», որոնք մեծ ոգևորություն առաջացրին հասարակության մեջ, և վերջը խմբով երգեցին հոտնկայս նույն Ամիրջանի ղեկավարությամբ։ Ցանկալի է, որ Ընկերությունը կանոնավոր ու անընդհատ կերպով շարունակեր իր լավ գործը համախմբելով իր շուրջը տեղիս ցանուցրիվ ուսանողությունը և կենդանի դեմոկրատիկ հայությունը։