սխալ եք, եթե կարծում եք, որ Բրյուսովը կամ մյուս ռուս պոետներր թարգմանիչ մեքենաներ են, որ կթարգմանեն՝ ինչ որ տանք։
Ահա ձեզ մի օրինակ։
Պետրոգրադում հրատարակվելիք հայկական ժողովածուի համար ես ընտրել էի Ռ. Պատկանյանից մի շարք ոտանավորներ և ուղարկել Բրյուսովին, որ թարգմանե կամ խնդրե իր աշխատակից ռուս պոետներին թարգմանելու։ Այդ իմ ուղարկած ոտանավորներից մեկը ոչ մի ռուս պոետ չհամաձայներ թարգմանելու, և ես ստիպված էի հրաժարվել այդ ոտանավորը ժողովածուի մեջ մտցնելուց, թեև համարում էի այն շատ բնորոշ Ռ. Պատկանյանի ստեղծագործության համար։ Ուրեմն չպետք է ենթադրել, որ ինչ էլ որ տանք, ռուս պոետը մեքենայի նման կթարգմանի։
Այդպիսի մի ենթադրություն նույնպես վիրավորական է պոետի համար։ Պոետը մեքենա չէ, և նրա տրամադրությունների և ճաշակի վրա բռնանալը՝ անվայել։ Անվայել է ձեր վերաբերմունքը և «հայ թարգմանիչների» նկատմամբ, որոնց հասցեին դուք թափում եք ամեն տեսակ անհիմն և անարդար դատապարտություն առանց իմանալու նրանց կատարած դերը և առանց ձեզ հաշիվ տալու նրանց արածի համար։ Ամենից շատ, կարելի է ասել ամբողջապես, այդ գործի ծանրությունն ընկել է Պ. Մակինցյանի վրա, որը թարգմանել է այն բոլորը, ինչ իրան հանձնել են ժողովածուի ձեռնարկողները, և աշխատել է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում այդ գործը, իբրև մեկը նրանցից, որոնց հրավիրել էր Մոսկվայի կոմիտեն։ Նրա կատարած գործի մասին քանիցս հրապարակով վկայեց ինքը Վալերի Բրյուսովը, և ես միանգամայն համոզված եմ (հուսով եմ և ուրիշ՝ գործին տեղյակ մարդիկ կվկայեն այդ), որ այդ ժողովածուի հաջողությամբ մենք պարտական ենք ոչ միայն Մոսկվայի Հայոց Կոմիտեին, այլ շատ մեծ չափով և Պ. Մակինցյանին, նրա եռանդին և այն սիրուն, որ նա ունի դեպի մեր գրականությունը։ Հարկավ նա ունի իր գրական ճաշակն ու տեսակետը, և ոչ ոք իրավունք չունի պահանջելու, որ նա հրաժարվի դրանցից։ Մի՞թե մեղք է սեփական համոզումներ և ճաշակ ունենալը, և մի՞թե դուք, պարոնայք, եթե նյութեր ընտրողներից մեկը լինեիք, ձեր հասկացողությամբ և ձեր ճաշակով չպիտի ընտրեիք։
Մի՞թե դատապարտելի բան կա այստեղ։ Եվ այն ժամանակ, երբ ռուս պոետը կարիք է զգում հրապարակով շնորհակալ լինելու Մակինցյաանից,