Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված չէ

3.ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻ ԹԱՂՈՒՄԸ

Մոսկվա, 30 դեկտեմբերի

Այսօր Մոսկվայի հայ հասարակությունը հողին հանձնեց ամսիս 24֊ին հանկարծամահ եղած հայտնի բանաստեղծ֊հրապարակախոս Սմբատ Շահազիզի մարմինը։

Եկեղեցին լի էր խուռն բազմությամբ։

Դեռ մի քանի օր սրանից առաջ մի շարք ժողովներ կայացան, ուր որոշեցին շուքով թաղել հանգուցյալին, և այդ նպատակով հատկացվեց մի գումար, իսկ թաղման կազմակերպումը հանձնվեց մի մասնաժողովի։

Չնայած որ հանգուցյալն իր ծանոթներից և բարեկամներից շատերին կենդանության ժամանակ քանիցս անգամ հայտնել էր իր ցանկությունը՝ անշուք ու պարզ թաղված լինելու, այնուամենայնիվ հասարակությունը կամեցավ «իր հարգանքը մատուցանել նրան՝ ի նշան իր երախտագիտության հանգուցյալի գրական-հասարակական գործունեության համար»։

Պատարագից հետո որոշված կարգով խոսեցին։ Հոգևորականության կողմից Եմ. ք. Նազարյան, Մոսկվայի հասարակության կողմից՝ Գր. Խալաթյան, ուսանողության կողմից՝ ուսանող Եդիգարյան, Լազարյան ճեմարանի աշակերտության կողմից՝ նույն ճեմարանի աշակերտ Մխիթարյան, ապա Ալ. Ծատուրյանը կարդաց հանգուցյալի մի անտիպ բանաստեղծությունը (այդ բանաստեղծության միայն մի մասն է տպված եղել այն ժամանակվա ցենզուրական պայմանների պատճառով)։

Դագաղը վերցրին Լազարյան ճեմարանի բարձր դասարանների աշակերտները (հանգուցյալը 35 տարի այդ դպրոցում ուսուցիչ է եղել). նույն դպրոցի փոքր աշակերտները եկեղեցու բակում կենդանի ծաղիկներով էին պսակում հանգուցյալի դագաղը։