19. ԵՐԵՔ ՀԱՆԴԻՊՈԻՄ
Ստեփան Շահումյանին առաջին անգամ տեսել եմ ես փոքր ժամանակս Թիֆլիսում, սրանից քսան-քսաներկու տարի առաջ «Ծիածան» աշակերտական ընկերության ժողովներից մեկում։
Եվ կարծես դա երեկ էր — այնքան կենդանի՜, վա՜ռ, անաղոտ է մնացել իմ հիշողության մեջ այն գեղեցիկ, դուրեկան, կասեմ ուղղակի հմայիչ դեմքը։
Մանավանդ այն խելացի, արտահայտիչ, փափուկ, լուսեղեն, սքանչելի աչքերը — Շահումյանի աչքերը։
Ով որ մի անգամ տեսել է այդ դեմքը, նա երբեք չի կարող մոռանալ նրան։ Մի հազվագյուտ, հրաշալի ներդաշնակություն կար այդ մարդու հոգեկան հատկությունների և նրա նայվածքի, խոսվածքի, ձայնի, արտաքինի մեջ...
Ցանուցրիվ հուշերիս մեջ մնում է այն օրը, երբ մեծ եղբորս մոտ¹ հավաքված «ծիածանականները» կարդում էին ուսանող Ստեփան Շահումյանից ստացված նամակը։ Կարծեմ Ռիգայից էր ուղարկված այդ նամակը...
Եղբայրս ու իր ընկերները անվերջ կրկնում էին Շահումյանի անունը և խոսում այդ նամակի բովանդակության մասին, որը չեմ հիշում իհարկե, բայց որը՝ այդ լավ հիշում եմ՝ տարակուսանքի մեջ էր գցել «ծիածանականներին»։ Եթե չեմ սխալվում, խոսքն այն մասին էր, թե զետեղել արդյոք այդ նամակը ընկերս ձեռագիր թերթում, թե ոչ։ Եվ այժմ կարող եմ կռահել, թե ինչն էր ծիածանականների տարակուսանքի ու երկմտության պատճառը...
Շահումյանը ծիածանականներին փոխված էր երևում, և նրա նամակում արտահայտած մտքերն ըստ երևույթին չէին համապատասխանում