դժվար է քո բացակայությամբ և, որ գլխավորն է, դա անմտություն է՝ գալ Մոսկվա 20 ռ. համար, որովհետև դու նույնիսկ ապրել, ինչ եմ ասում, մի կերպ քաշ գալ էլ չես կարող։ Ասում եմ քեզ՝ հավատա՛։ Առողջ եմ։ Շատ ցավում եմ, որ ոչինչ չեմ կարող անել՝ նույնիսկ խորհուրդ տալ։ Միակ խորհուրդս կլիներ ցենզի պատրաստվել և տալ քննություն։ Ինչպես կուզես։ Դիմիր Արամին:
Կրկին անգամ շնորհակալություն:
10. Կ. Կուսիկյանին
Մեծարգո պ. Կուսիկյան
Շնորհավոր նոր տարի։ Այսօր երրորդ օրն է ինչ եղբորս մոտ եմ՝ Շչիգրի՝։ Երկար ամիսների ընթացքում բանտերում չարչարվելուց հետո անթարեկեցիկ կյանքը նրան բոլորովին քայքայել է։ Նյութապես ոչ մի ապահովություն չունե, թեև երկար տարիներ ուսուցչության պաշտոն է կատարել Անդրկովկասի գյուղերում՝ առաջ հայոց դպրոցներում, հետո հայերից խլած և ռուսական դարձրած դպրոցներում և երկար տարիներ էլ «Մշակ»֊ին աշխատակցել է՝ տալով գավառական թղթակցություններ և պատկերներ գյուղական կյանքից (Ջավախեցի կեղծանունով)։ Սակայն այդ ամենը նրան ապահովություն չեն տվել, որ գոնե այն ժամանակ, երբ աքսորված է մի խուլ, անծանոթ անկյուն, կարողանա քիչ թե շատ մարդավայել կյանք վարել։ Երևակայեցեք, առաջին ամիսները, երբ զուրկ որևէ միջոցից ընկել է Շչիգրի, նա կիտրոն է վաճառելիս եղել տնե-տուն ման գալով։ Ինչպես եք հավանում մեր հայ ուսուցչի դրությունը։ Եվ այն ամեն հիմնարկությունները, որոնց նա անձնվեր ծառայել է, նրան ոչ մի օգնություն չեն հասցրել։ Հասնելով այստեղ և գտնելով եղբորս թե նյութական և թե բարոյական անկարեկից դրության մեջ հիվանդ, երեք փոքրիկ երեխաներով, իհարկե, ամեն միջոց ձեռք առա, որ կարողանամ