Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան առողջացնել և միևնույն ժամանակ մխիթարել։ Սակայն ի՞նչ կարող եմ անել, երբ ոչ մի միջոց չկա։ Այդտեղից վերցրածս փողը արդեն վերջանալու է² և իհարկե չէր էլ կարող բավականանալ: Դուք ճիշտ նկատեցիք, որ ես անկարող կլինեմ մի բան անելու առանց որոշ նյութական միջոցների։

Այժմ դիմում եմ Ձեզ և Բարսեղ Վարդանիչին, իբրև հայ ուսուցիչների, որ այդտեղ ըստ կարելվույն միջոցներ հայթայթեք ոչ թե իմ եղբորս համար, այլ հայ գյուղական ուսուցչի համար։

Այժմ ես ցավով ստիպված եմ համոզվել, որ իմ եղբայրս միակը չէ, ո՛չ, մեր ո՞ր ուսուցիչն է ապահովված, ո՞ր գործիչն է ապահովված և մի՞թե մեր հասարակությունը չէր կարող մի ֆոնդ կազմել օգնելու բոլոր այն մարդկանց, որոնք գործել են կամ մանկավարժական, կամ գրականական ասպարեզներում, որոնց աշխատանքը ամենից քիչ է գնահատվում, եթե չհիշենք դատարկ գովաբանությունները, որ մենք սովոր ենք ամենին տալու առատությամբ. և դա պարզ է՝ չէ՞ որ դա մեզնից բան չի պահանջում։

Վերջացնելով նամակս, ցանկանամ Ձեզ ուրախ անցկացնել ծննդյան օրերը Ձեր ընտանիքով և կրկին խնդրում եմ չմոռանալ այն չարքաշ աշխատավորներին, որոնց բախտը չէ ժպտացել, բայց որոնք, այնուամենայնիվ, կարող են պարծենալ որովհետև ազնիվ են գործել ու միշտ հուսացել են, որ թե բարոյական և թե նյութական աջակցություն չեն խնայի հասարակության բանիմաց անդամները։

Հարգանոք Ձեր աշակերտ՝

Վահան Տեր-Գրիգորյան

Հասցե г. Шигры (Курск губ) Лазарю Тер-Григоряну.

11. Ս. ՕՏԱՐՏԱՆԻՆ

1905, 9 փետրվարի, Մոսկվա

Հարգելի Սոնա

Արդեն պատրաստել էինք «Լիբեր»֊ի համար 3֊ը տպագրության, երբ մեզ կանչեցին խորհրդակցության աշակերտական զաբաստովկա անելու։ Այժմ օրվա չարիքը դա է այստեղ։