Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

Սոնա

<1905, ապրիլ, Մոսկվա>

Ստացա Ձեր նամակը։ Լիզան Ձեր հասցեն ասել էր և սխալ, այնպես, որ կարծում էի, թե նամակս չի հասել Ձեզ։ Նա գրել էր Deutshland — Գերմանիա և Բեռն. О, какое невежество в области географии! Ես էլ նրա սխալը չէի բռնել և մի նոր նամակ էի պատրաստել, որը մինչև այժմ չկարողացա ուղարկել։ Զատկի տոները անցկացրի առանձին սենյակում, որ ես և ընկերներիցս մեկը վարձել էինք երկու շաբաթով։ Ձեզ գրել էի Ֆլինկի մասին, այժմ Ձեր պահանջով կգրեմ մանրամասները։ Զատկի նախընթաց շաբաթվա մեջ այդ պարոնը մի աշակերտի գրավոր աշխատության համար 2 էր դրել, թեև խնդիրները լուծած էին (աշխատանքը 5-ի էր գրած). աշխատանքը ցույց տվին մեզ (3-րդ դասարանի աշակերտներիս), բացի դորանից, մի աշակերտի նա կարծեմ армяшка էր ասել, ահա դա վերջապես ստիպեց աշակերտներին բողոքել։ Երբ նա եկավ սեղանատուն, բոլոր 300 աշակերտները միաձայն «долой Флинка», «Флинк собака» և այլն էին գոռում, եկավ դիրեկտորը և ասաց, որ գրավոր գանգատ տանք իրան Ֆլինկի վերա։ Մենք թվեցինք Ֆլինկի բոլոր արարքները և խնդիրը ներկայացրինք մանկավարժական խորհրդին։ Խորհուրդը նրան չվռնդեց, և անկարգությունները շարունակվեցին, այնպես որ ճեմարանը փակվեց, և կոչեցին ծնողների ժողով։ Մեզ խոստացան բավարարություն տալ։ Մյուս օրը Ֆլինկը խնդրել էր, որ աշակերտները լսեն իր արդարացումը— առաջ չէինք ուզում, հետո վճռեցինք լսել և հետո շվացնել կամ, նույնիսկ, ծեծել, որպեսզի հեռանա անպատճառ։ Հավաքվեցինք։ Նա ներս մտավ սաստիկ գունատ և սկսեց խոսել։ Նա սաստիկ հուզված էր, մանավանդ որ նրան նախընթաց օրվա ժողովին լավ կոթել էին։ Նա ասաց. [Պարոնայք, դուք ինձ մեղադրել եք, հիմա լսեցեք ինձ։ Ես տեսնում եմ, որ մեր միջև ինչ֊որ պատնեշ է եղել, մենք իրար չենք հասկացել, բայց... պարոնայք, ե՜ս չեմ բարձրացրել այդ պատնեշը: Ես գործել եմ այնպես, ինչպես պահանջում էին օրենքները, շրջաբերականները և դրա համար ինձ գովում էին, գլուխս էին շոյում...]