Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

1905, 4 սեպտեմբերի, Մոսկվա

Սոնա

Քննությունս հաջողությամբ տվի և, չնայած որ այժմ այդ դարդից ազատ եմ, չեմ կարող այնքան էլ ընդարձակ գրել։

Ես Ձեզ գրել էի, որ գյուղից երեք նամակ եմ գրել. մեկը` Բեռն, իսկ երկուսը՝ Մյունխեն, որովհետև Դուք գրել էիք, որ գնում եք այնտեղ։ Ճեմարանում վերջերս անկարգություններ տեղի ունեցան նույն ուսուցչի պատճառով, որի մասին ես Ձեզ գրել էի մի ժամանակ։ Տրամադրությունս վերջերս այնպես է փչացել, որ ոչ մի բանի գլուխ չունեմ։ Համալսարանները արդեն բացվում են՝ այնպես որ երևի շուտով կգաք և ընդարձակ կխոսենք։ Իհարկե (?), ինձ իմաց կտաք Ձեր գալու մասին, կամ երբ գաք, կհանդիպեք ճեմարան։ Ձեր եղբայրը այսօր եկավ։ Լիզան և Հայկանուշը դեռ չեն եկել։ Ոչ մի տեղ չեմ գնում, բացի մեր տեսչի տնից (Գասպարյանի), և այս նամակս էլ գրում եմ այնտեղ։ Թուղթս, ինչպես տեսնում եք, ինձ համար այնքան էլ պատշաճավոր չէ. սա իմը չէ։ Զզվելի մաթեմատիկայից այնպես եմ ձանձրացել, որ չեմ կարող ոչինչ անել։ Այս տարի մտադրություն ունեի մի բանով լուրջ պարապել, բայց, ինչպես երևում է, այս տարի էլ պետք է չկարողանամ մի բան անել։ Այս Գասպարյանի աղջիկը նոր կոտրատվում էր, և զահլաս գնաց այդ դատարկախոսություններից։

Ուրեմն շուտով կգաք կխոսենք, իսկ առայժմ գրեցեք։

Վահան

Գլուխս այնպես է ցավում, որ չգիտեմ ինչ գրեցի։ Կներեք, եթե հիմարություններ լինեն։ Ձեր՝ մայիսին գրած նամակը ստացա՝ դրա մասին հետո։ Ինչպես երևում է Դուք կամ չեք հասկացել ինձ, կամ ցույց եք տալիս։ «Հիմարանալ» խոսքը Ձերն է, և պետք է որ հասկանայիք։

Վանան