արդյոք ես խորին համոզմունքո՞վ եմ ընտրել իմ մասնագիտությունը — историко-филологческий ֆակուլտետը, թե՞ փոփոխական մի բան է դա։ Իհարկե, ընտրելիս ես չեմ մտածել և այժմ էլ չեմ մտածում այն ճանապարհի մասին, ուր տանում է ֆակուլտետը։ Ես ընտրել եմ գլխավորապես նրա համար, որ գրականությունը, ապա պատմությունը, իմ ամենասիրելի առարկաներն են և առանց առաջինի ես չեմ կարող ապրել՝ այնպես, ինչպես և առանց հացի։ Ուսուցչական ասպարեզը ես սիրում եմ այնքան, ինչ չափով որ ցանկանում եմ մանուկների հետ լինել, որոնց ես անչափ սիրում եմ։ Իսկ ինչ վերաբերվում է այն խնդրին, որ սեփական աշխատանքով պետք է շարունակել ուսումը, ես դրան մի քիչ պետք է հակասեմ, իհարկե [իմ միտքը պարզաբանելու իմաստով]։ Բանը նրանումն է, Սոնա, որ սեփական աշխատանքով ապրել և միաժամանակ լուրջ պարապել գիտությամբ, դա համարյա անկարելի բան է. ես այժմ փորձով այդ եզրակացության եկա։ Դուք զուր եք կարծում, որ այնքան հեշտ է սեփական աշխատանքով ապրել և միաժամանակ սովորել։ Ոչ, դա այնքան էլ հեշտ չէ, և եթե մի ստիպենդիա ճարվի, ես կընդունեմ այն մտքով, որ ես կկարողանամ ապագայում մի կերպ վերադարձնել այդ ստիպենդիայի արժեքը կամ հասարակական ծառայությամբ, կամ նույնիսկ փողով։ Իսկ եթե ոչ — ինչ արած, ասում են «անճարը կուտի բանջարը»… Իսկ այժմ, օ՜, այժմ [ամենաողբալի՝ վիճակն է։ Պատկերացրեք, Սոնա, ծառայում եմ մի նոտարի մոտ առավոտյան ժ. 10-ից մինչև 5-ը և ստանում եմ 25 ռ,։ Դուք հասկանո՞ւմ եք` նստել առ. ժ. 10-ից մինչև 5-ը։ Դա դժոխային տանջանք է։ Չնայած դրան, զբաղվում եմ ֆրանսերեն լեզվով և քաղաքատնտեսությամբ, որը ամբողջովին հափշտակում է ինձ։ Կարդում եմ հասարակական հարցերի վերաբերյալ գրքեր և սոցիալական գիտությունները ուսումնասիրելն ու հայ և առհասարակ իրականությունը դիտելը (բավական մոտից) ինձ հասցրին սոցիալիզմին, սակայն, իհարկե, ոչ այնպիսի սոցիալիզմի, որի ներկայացուցիչներն են դաշնակցականները և մեր «սոցիալիստները»։ Ըստ երևույթին ես կդառնամ սոց.-դեմոկրատ։ Դա, թերևս, օտարոտի թվա Ձեզ, բայց դա այդպես է, երկար կլինի գրելը, եթե ես կամենայի պատմել Ձեզ, թե ինչպես հանգեցի դրան։
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/209
Արտաքին տեսք