Դուք չեք կարող պատկերացնել, Սոնա, թե ես որքան ուրախացա ձեր նամակն ստանալով։ Եթե դուք իմանայիք, թե հիմա ես ինչ վիճակում եմ գտնվում, Դուք կհասկանայիք ինձ: Հարկ կլիներ երկար պատմել, բայց գլխովս շատ բան անցավ այս մի տարվա ընթացքում: Մախլաս: Հիմա սոսկալի քայքայված են ջղերս և սուտ չի լինի, եթե ասեմ, որ վախենում եմ խելագարվեմ։ Հույս ունեմ շուտով, իհարկե որքան կարելի է շուտ, տեսնվել ձեզ հետ և ձեզնից սովորել գերմաներեն լեզուն: Ուստի առայժմ հետաձգենք այդ լեզուն, ահավասիկ և մի վաստակ ձեզ համար (չէ՞ որ դուք շատ չէք վերցնի ինձնից, այնպես չէ՞): Իհարկե դուք ձեզ հետ շատ գրքեր կբերեք և գլխավորապես բանաստեղծների երկերը:
Խիստ շատ բան պետք է սովորել, և ես այնպես եմ ուզում, որ չգիտեմ՝ ուր ուղղել ուժերս, թեպետ ջղերս անասելի քայքայվել են վերջերս ուզում էի ձեզ ուղարկել իմ լուսանկարը, բայց այնպես եղավ, որ հետաձգեցի։ Ոչինչ, մի կերպ կփոխանակենք մեր լուսանկարները: Մի խոսքով, կգաք՝ կզրուցենք։ Պետք է որ համալսարանները բացվեն, թեպետ գալիք օրերի քաղաքական դեպքերի մասին ոչինչ չի կարելի գուշակել։
Ա՜յ թե ինչ լավ եղավ ձեր բանը— սովորեցիք գերմաներեն լեզուն, մինչդեռ ես հարկադրված կլինեմ ամեն ինչ անգիր անել ձմեռը. Ոչինչ, կգա մի օր, և մենք բնագրում կկարդանք Մարքսի և Հայնեի երկերը, գուցե և (օ՜, որպիսի համարձակություն) Բայրոնի և Լեոպարդիի։
Որովհետև հիմա ես «տնտեսագետ» եմ, ապա մի քանի խոսք կասեմ իմ անձնական պետությա՛ն տնտեսական գրության մասին: Դա կարելի է արտահայտել երկու բառով՝ սոսկալի անկում։ «Գալիքի ալեծուփ ծովը» նախագուշակում է «տխրություն ու վիշտ»։ Գրպանումս ոչ մի գրոշ չունեմ։ Պարտքերիս հաշիվ չկա։ Ուզում ես ինքնասպանություն գործիր։ Մի խոսքով, վերջնականապես պրոլետարականացել եմ, մինչև իսկ լումպեն- պրոլետարականացել։