Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կլիներ բացառապես նվիրվել գիտությանը, բայց գիտությունը պետք է մեր էնտուզիազմի լավագույն ուղեկիցը լինի։ Աշխատենք որքան կարելի է լուրջ վերաբերվել սոցիալական (հատկապես սոցիալական, որովհետև այստեղ սխալներն ավելի են զգալ տաքիս) խնդիրներին, բայց այդուհանդերձ երբեք թույլ չտանք, որ մեր հոգում հաստատվի մեշչանականության ժանգը։ Չկա ավելի արդահատելի ու գարշելի բան, քան ինքնագոհ մեշչանականությունը Ամեն ինչի մեջ գեղեցկություն պիտի լինի,— իսկ գեղեցկությունն անպայմանորեն բացասաբար է վերաբերվում դեպի մեշչանականը։ Այսպես ուրեմն. ես ըմբռնել եմ ոչ թե մեշչանական «խոհականությունը», այլ գեղեցկության բանական, և այն էլ անհրաժեշտորեն բանական լինելը։ Եվ երբ մենք կամրացնենք մեր զգացմունքների արմատները, նրանց սնելով դեպի աշխարհը և հատկապես դեպի սոցիալ֊քաղաքական հարցերը ունեցած մեր գիտակից վերաբերմունքով,— այն ժամանակ ոչ մի ուժ մեզ չի հաղթահարի, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնի։

Ահա իմ խոհերից մեկի շարադրումը։ Սա միտս ընկավ, որովհետև քո նամակը, ինչպես վերևում նկատեցի, գրված է, ըստ երեվույթին ծանր տրամադրության տակ։ Դու գրում ես, որ ուզում ես վրիժառու լինել, որ ժամանակ առ ժամանակ ատելություն ես զգում դեպի բոլոր մարդիկ և տարօրինակ մի ցանկություն ահռելի ու հսկայական ձեռքերով բռնել ամբողջ աշխարհն ու փոշի դարձնել այն։ Ահա այդ բառերը միանգամայն հակադարձ են իմ հիմիկվա տրամադրությանը — համոզմունքին։ Չնայած այն բանին, որ այստեղ և համարյա ամենուր միջավայրն ինձ ՛չի բավարարում, ես տանել չեմ կարող այն, սակայն իմ մեջ երբեք, լի առաջանում այդպիսի զգացմունք։ Ես էլ եմ զգում վրեժխնդրության ծարավ, սակայն իմ վրեժը վերաբերում է նրանց, ովքեր արժանի են դրան։ Այո, ես երբեք այդպես խոր չեմ զգացել մեր կյանքի ողջ սարսափը ներկա պայմաններում, երբեք այնպես չեմ զայրացել անմեղ ընկած «հերոսների» և «փոքրերի» համար, ինչպես հիմա, հասարակական աղետը երբեք այնպես խոր չի խոցել ինձ, ինչպես հիմա։ Բայց ես զգում եմ, որ կարող էի մարդկանց սիրել միայն, մինչդեռ ստիպված եմ շատերին ատել, իսկ ավելի շատերին՝ արհամարհել։ Բայց ես քանի գնում, այնքան ավելի ու ավելի ՛եմ համոզվում,