Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

58. ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

1908, 10 մարտի Մոսկվա

Սիրելի Ավո ջան

Գրքույկդ1 ստացա և վաղուց ետ ուզում էի գրել, սակայն կարճ նամակով չէի ուզում բավականանալ, իսկ ընդարձակ գրել անկարող էի, որովհետև կային հազար ու մի պատճառներ։

Թե ինչ կարծիքի եմ ես քո բանաստեղծության (պոեզիայի — ընդհանրապես) մասին, պետք է քեզ հայտնի լինի, սակայն եթե որակելու լինեմ այն՝ դա մի ընդարձակ հոդված կլինի և այդպիսի մի ընդարձակ հոդված ես ուզում եմ գրել քո մասին մեր թերթերից մեկում2, այնպես որ այստեղ ընդարձակ խոսելը ավելորդ կլիներ:

Այսօր Կուսիկյանի մոտ կրկին խոսում էի քո մասին, և նա խնդրեց հայտնել քեզ իր ողջույնը — նա քո մի քանի բաները շատ է հավանում և այսօր փառաբանում էր։

Ավելի լավ է գրեմ գրքիդ բացասական կողմերի մասին — այդ թվում պետք է հիշատակել նախ — տպագրությունը և հետո մի քանի բանաստեղծություններ շովինիստական ոգով3, որոնք, ինչպես ճիշտ նկատեց Ցոլակը, ուղղակի աղտոտում են քո սքանչելի գիրքը: Կրկնում եմ՝ ես հուսով եմ, որ առիթ կունենամ խոսելու քո գեղեցիկ երգերի մասին, իսկ եթե այդ չհաջողվի՝ այժմ հայտնում եմ իմ կարծիքը ընդհանուր առմամբ.

1) քո երգերը իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում. 2) զգացմունքի տարերային անմիջականությունը քո մուսայի սքանչելի հատկություններից մեկն է. 3) քո բանաստեղծական ձևը և ոճը շկոլա է ստեղծել մեր գրականության մեջ. 4) դու հայ բանաստեղծների մեջ իմ ամենասիրելի բանաստեղծն ես՝ քո անհատական լիրիկայով, ահա թե ինչո՛ւ ես չգիտեմ ինչպես հայտնեմ քեզ իմ շնորհակալությունը թե գիրքդ հրատարակելուդ և թե ինձ հիշելուդ համար։ Դու գիտես ինքդ, թե որքան եմ հարգում քեզ իբրև մարդ և բանաստեղծ, այնպես որ ավելորդ է այստեղ ընդարձակ խոսելը։ Գիրքդ կարդալուց ես անմիջական մի ցանկություն զգացի՝ քեզ այստեղ տեսնելու։