Ո՞ւմից էր պահանջում այդ փողը պ. նախագահը։ Իհարկե հայ «անգիտակից» և «ապերախտ» հասարակությունից, որի գլխին են կոտրում ամեն կուժ ու կուլա։ Բայց հարց է ծագում—ինչո՞ւ պետք է հայ «անտարբեր» ու «անխելք» հասարակությունը փող տար այդ մարդկանց, ինչո՞ւ պետք է անդամագրվեր մի ընկերության, որի գործունեությունը ոչ մի առիթ չէր տվել իրեն համակրելու (խոսքս ներկայի մասին է), որն ըստ երևույթին ինքն էլ չգիտե ինչ է անում և ինչ է անելու։ Իսկ որ այդ վերջին պնդումս ճշմարիտ է, ինձ թվում է, կատարելապես ապացուցանում են հետագա լրագրական տեղեկությունները այդ ընկերության գործունեության մասին։
Հայտարարվեց ի գիտություն բոլոր հայերի, որ Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերությունը որոշել է հրատարակել Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը» և Շոթա Ռուսթավելիի «Ընձի մորթը»։
Քիչ անց հայտարարվեց, որ «Ընձի մորթը» հանձնվում է թարգմանելու Հովհաննես Թումանյանին։
Ապա հայտարարվեց, որ «Իլիականը» և «Ոդիսականը» չեն հրատարակվի, որովհետև դոքա Պոլսում արդեն տպագրվում են աշխարհաբար լեզվով։ Հիմա հարց է ծագում. թարգմանո՞ւմ է արդյոք ՀոՎհ. Թումանյանը «Ընձի մորթը»...
Բայց առաջ գնանք։
Դարձյալ լրագրներում գրվեց, որ Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերությունը որոշել է այժմ հրատարակել հետևյալ գրվածքները հայերեն լեզվով։
1 Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը և լավագույն երկերի ժողովածուն երկու հատորով:
2. Դոստոևսկու «Հանցանք և պատիժ»-ը։
3. Գարչինի «Գեղարվեստագետը», «Կարմիր ծաղիկը», «Սպան ու ծառան» և այլն։
Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ Լև Տոլստոյի գրվածքներից «Воина И Мир»-ն է արժանացել Հրատարակչական Ընկերության վարչության ուշա՛դրությանը։
Հետաքրքիր է նաև իմանալ այդ ինչպե՞ս պետք է կարողանան այդ պարոնները Տոլստոյի «լավագույն» գրվածքները ամփոփել երկու հատորում: Արդյոք «Анна Каренина»-ն «լավագո՞ւյն» է, թե ոչ։ Եթե այո՛, այդ դեպքում չեմ կարծում, որ հաջողվի Հրատարակչական Ընկերությանը Տոլստոյի «լավագույն» գրվածները