6.«ԱՆՈՒՆԸ ԿԱ. ԱՄԱՆՈՒՄԸ ՉԿԱ»
(Թռուցիկ նկատողություններ)
Դեռ անցյալ աշնան սկզբներին Էր, կարդացի լրագրներում, որ Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերության վարչությունը մերժել է տպագրելու բոլոր ուղարկված թարգմանությունները, որովհետև դրանք պատահական բնույթ են կրում, աննշան հեղինակների գործեր են, կամ աննշան ու անպետք գործեր։
Չեմ հիշում բառացի այդ լուրը, բայց ընդհանուր իմաստը սա էր:
Այդ հայտարարությունը ինձ, հիշում եմ, զարմացրեց, որովհետև ես Հրատարակչական Ընկերությունը մի կանոնավոր հիմնարկություն էի համարում և համոզված էի, որ նա ունի մի որոշ գործելակերպ, մի հիմնական գաղափար, որը ղեկավարում է նրա գործունեությունը, մի կոնկրետ ծրագիր գոնե իր մոտակա գործունեության համար։
Մի՞թե մի Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերություն բարձրակոչ անունը կրող հաստատություն սպասում է, որ պատահական մարդիկ ուղարկեն իրենց ընտրած և թարգմանած գրվածքները, որպեսզի հրատարակե կամ մերժե։ Մի՞թե ինքը այդ հաստատության վարչությունը ընտրվելուց հետո իսկույն չի որոշում իր անելիքը բոլոր մանրամասնություններով, չի գծագրում մի որոշ նպատակ, որին ձգտելու է իր գործունեության ընթացքում։
Վերը հիշված հայտարարությունից հետո լրագրության մեջ հարց բարձրացավ Հրատարակչական Ընկերության անգործունեության մասին: Ընկերության դատապարտողներին դուրս եկավ ամաչացնելու ընկերության վարչության պ. նախագահը, որի մի շարք հոդվածների հիմնական միտքը այն էր, թե փող չկա մեջտեղ, փող չունենք, փող տվեք, և մենք ամեն ինչ կանենք։