Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժվարացել է և բավականաչափ փող է նստում։ Օնիկը գնացել է Ալլահվերդի, սակայն գրում է, որ այնտեղ այնքան էլ հարմար չէ ապրել, ուստի մոտ օրերս կգա այստեղ մի օրով, տեսնենք ինչ կա։

Ուրեմն, Ցոլակ, գործերը դեռ անորոշ են։ Բոդլերս տվի «Գեղարվեստ»-ին, որ խոստացավ տպագրել և վարձատրել — տեսնենք։ Դա էլ նիսիա է, որովհետև այդ թերթը ըստ երևույթին արդեն կաղում է, որովհետև Լևոնյանը գնացել է Բաքու փող որսալու։ Մի քանի անգամ եղա խմբագրատանը, ուր աշխատում է Նար — Դոսը։ Մեր Ալմանախի մասին խոսել եմ։ Այստեղ առհասարակ թերահավատությամբ են վերաբերվում վարձատրության։ Խեղճ հայ գրողներ, այնքան են խաբվել, որ այժմ երբ ասում ես, թե պետք է վարձատրություն ստանան, իսկույն ևեթ թերահավատ ժպիտը երևում է նրանց դեմքին։ Օրինակ, Նար — Դոսը։ Լեոյի դասախոսության ժամանակ ծանոթացա Թումանյանին, որ թարգմանել է (և ինչպես ասում են հիանալի կերպով) «Իլիա Մուրոմեց»-ը։ Այդ թարգմանությունը կտպագրվի դաշնակցական ժողովածուի մեջ, սակայն նա խոստացավ ինձ տալ տպագրված թերթերը, որովհետև այդ ժողովածուն հայտնի չէ երբ լույս կտեսնի։

«Քաղաք» ցիկլի առաջին ոտանավորը տվի «Երկրի Ձայն»-ին։ Նվիրված է քեզ:

Երևակայիր, Ցիլլեր, Վրույրը խնդրեց լուսանկարս, որ կարծեմ ուզում է զետեղել «Հուշարար»-ում և նվիրեց այդ թերթի 1907-ի կոմպլեքսը հետևյալ հոսհոսական (մեր մեջ) մակագրությամբ, «Հուշարարի տաղանդավոր աշխատակից Վահ. Տերյանին՝ երախտապարտ խմբագր...»։

Մի բան, որ ինձ քիչ հաճույք չպատճառեց, դա Հովհ, Թումանյանի թեև զսպված (сдерж.) սակայն համակրական վերաբերմունքն էր իմ գրվածներից տպագրվածների վերաբերյալ։ Մնացածներին այնքան էլ նշանակություն չեմ տալիս, իսկ եթե տալիս եմ, գիտես թե ինչո՞ւ։ Ավետիքին ուզում եմ տեսնել, բայց մինչև այժմ չի եկել գյուղից։ Տեսա այստեղ նրա Շուշիկին և նրա նոր սիմպատիային:

Մեր ընկերներից այստեղ միայն Եսալեմին եմ տեսնում, սակայն կուսակցական կյանքը բոլորովին մեռած է այստեղ, իսկ այդ ընկերը, խեղճը, անգործ թափառում է «Գործ»-ի փակվելուց