Ավետիքը գրել է, որ մնամ մինչև իր գալը, այնպես որ չգիտեմ կմնա՞մ, թե՞ ոչ, երևի կմնամ — նա գալիս է ամսի 14 — 15-ին։
Նոր ասացին, որ Մոսկվայից ինձ նամակներ են եղել մեկը բաց, մյուսը՝ փակ, որ առավոտ վերցրել է Մելքոնը և տարել։ Մեկը քեզնից է—բացը։ Իսկ մյուսը յարաբ ումնի՞ց կլինի... Ա՜խ... համբերությունս չի գալիս, շան պես հետաքրքրվում եմ։
Վաղը չէ մյուս օրը ուզում եմ ուղևորվել դեպի Գանձա։ Հա՛, Ցոլակ, արդյոք չե՞ս կարող այդտեղ обложка առնել և հետդ բերել — այստեղ իսկի լավ թուղթ չկա և այն էլ թանկ է. այդտեղ 5 ռուբլով կարելի է 600 օրինակի համար լավ обложка֊ցու առնել (եթե ոչ 5, գոնե 6 — 7 ռուբլով), որովհետև այստեղ «Գեղարվեստ»-ի (Ավետ. Իսահակյանի գրքի) обложка֊ն 2 ռ. է, ուրեմն կարգին обложка-ն ավել չպետք է նստի։ Մտածի՛ր և գրի՜ր։ Եթե առնելու լինես, առ բաց գույն կամ Манфред-ի գույնի (սպիտակ, կաթնագույն և այլն), шероховатый. Մի խոսքով, գիտես էլի։ Գրի՛ր այստեղի հասցեով առայժմ։ Черт знает ին՞չ կարող է պատահել։
Ռոմմելի «Արդյոք նորից»֊ը³ Լևոնյանը գովեց (այսինքն նա ասաց, որ «սպեցիալիստները» շատ են հավանել և գտել են, որ ավելի լավ է, քան «Ցրտահար»-ը), այնպես որ այս համարում երևի առաջինը կլինի («Արդյոք նորից»), ափսո՜ս ես բախտ չունեցա լսելու։ Շատ հետաքրքիր է Վեռլենինը։ Ինձ ուրախացնում է այդ, և դու իբրև Наместник Его Величества խնդրեմ գնա և իմ կողմից սեղմիր նրա ձեռքը ու հայտնիր Մեր Արքայական «спасибо»-ն։
Ի՝նչ է անում Ալյոշան։ Երևի երազելիս կլինի իր դիցուհու մասին։ Քննություններ տալի՞ս է, թե՞ ոչ: Նրան ամեն անգամ ուզում եմ գրել և չեմ իմանում որտեղի՞ց սկսեմ, որտե՞ղ վերջացնեմ։ Տեսնենք երբ կգրեմ։ Նրա հասցեն վերցրու, եթե շուտ ես գալու (ամառային հասցեն, թեև, երևի, ամառը այնքան քեսատ կլինեմ, որ նամակի փող էլ չեմ ունենա)։
[Ինձ սարսափեցնում են ապագայի հեռանկարներն ու հեռուները... Քեզ եմ ապավինում իմ (ոչ տեր) Ցոլակ—չափազանց ոչ ամենակարող։