Այդ ինչո՞ւ ես լռել քո պետերբուրգյան իշխանուհու մասին։
Ինչպե՞ս են «գործերդ»։ Գրիր։ Ваган]․
Բարևիր Հայկոյին, Սոնին և Վառիային։
[Հայկոյին ասա, որ բոլորն առողջ են։ Նրանց կամպանիային շուտով կգրեմ՝ վաղր կամ մյուս օրը։ Ի հիշատակ անցյալ օրերի, պինդ, ցավացնելու չափ պինդ սեղմիր Վարյայի ձեռքը, ինչպես մի ժամանակ ես էի սեղմում։ Սոնային պատվի առ և մատուցիր զինվորական բոլոր պատշաճ պատիվները և ողջունիր Քո Արքայի անունից։
Դե մնաս բարով։]
68. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Ահա այս րոպեիս վերադարձա Ավճալայից, ուր գնացել էի երեկ չէ նախանցյալ օրը զբոսնելու։ Երեկ այնտեղ եկան Աթանասյանը, Խանազատյանը, Շանթը և մի քանի տիկին-օրիորդներ և բավական ուրախ ճաշ արինք։ Պետք է լիներ նաև Հովհ. Թումանյանը, սակայն չեկավ։ Շանթին կրկին ծանոթացա (որովհետև մի անգամ ծանոթացել եմ դեռ աշակերտ ժամանակս) և խոսակցության ժամանակ հայտնեցի մեր Ալմանախի մասին։ Նա շատ համակրեց մեր ձեռնարկության և ասաց, որ ինքը գոհությամբ կմասնակցե։
Ի միջի այլոց նա ասաց այն ալմանախներին մասին, որ մտադիր են եղել հրատարակել ինքը, Հովհ. Թումանյանը, Դեմիրճյանը, Ավոն և К°, սակայն նա ասում է, որ իրանց ձեռնարկությունը քնած է և հազիվ թե գլուխ գա։ Սա այն ալմանախն է, որի մասին խոսում էր նաև Թումանյանը։ Երբ ես հայտնեցի, որ մենք վախենում ենք, թե մեր գրական գեներալները ետ մնացած բաներից