Այդ են ապացուցում ընկերության վարչության «որոշումները», որ, իհարկե, միայն որոշումներ էլ կմնան, ոչ ավել։
Հիրավի, մի պահ մտածենք։
Լև Տոլստոյն այնպիսի մի հեղինակ է, որի գրվածների եթե ոչ լիակատար ժողովածուն, ապա գոնե ժողովածուն, ըստ կարելվույն լիակատար ժողովածուն պետք է ունենա ամեն մի ժողովուրդ, եթե նա կուլտուրական կոչվելու հավակնություն ունի։ Ուրեմն, եթե մենք համարում ենք քիչ թե շատ կուլտուրական մեզ, անհրաժեշտ է մտածել այդ բանի մասին։
Այսինքն Հրատարակչական Ընկերության հրատարակությունից հետո էլ այդ հոգսը մնում է մեր ուսերին։ Մենք պետք է ունենանք Լև Տոլստոյի գրվածների ժողովածուն հայերեն, դա անհրաժեշտություն է։
Եվ լավ է մի հեղինակի գործերը հրատարակել և մի մնայուն բան մտցնել մեր կուլտուրայի գանձարանը, քան ամեն հեղինակի ետևից ընկնել և ոչ մեկին չտալ մեզ քիչ թե շատ տանելի հրատարակությամբ։
Իհարկե, լավ է գոնե «Война и мир»֊ը ունենալ, քան ոչինչ, բայց մենք արդեն այնքան վայրենի չենք, ոչ էլ այնքան դժբախտ։ Բացի այդ, ես հետևողականություն չեմ տեսնում Հրատարակչական Ընկերության գործունեության մեջ։
Թարգմանական գրականությունը մեզանում մեծ պատիվ չի վայելում, և դրանով զբաղվում են պատահական մարդիկ, հատ ու կտոր։
Եվ դրա համար մեր թարգմանական գրականության մեջ դուք կգտնեք Կարամզինի «Бедная Лиза»֊ն և Կուպրինի կամ Բայլմոնտի վերջին գրվածը, իսկ Դոստոևսկու հոյակապ գործերը՝ ոչ, Տոլստոյի ամենալավ գրվածները՝ ոչ, Գոնչարովի «Օբլոմով»-ը՝ ոչ, Գոգոլի «Мертвые души»-ն՝ ոչ և այլն, և այլն։
II
Արդեն այն հանգամանքը, որ մենք Ռուսաստանում ենք ապրում, որ մեր վիճակը կապված է Ռուսաստանի վիճակի հետ, պիտի ստիպեր մեզ մեծապես հետաքրքրվելու ռուս գրականությամբ,