պատասխանից։ Ինձ թվաց, թե դուք արդեն դավաճանում եք ձեզ և խուսափում եք անկեղծությունից, իսկ նման հարաբերությունների դեպքում ես նամակագրությունը համարում եմ եթե ոչ անհնարին, ապա համենայն դեպս դժվար գործ։ Առհասարակ չեմ սիրում պաշտոնական գրագրությունը։ Հենց նոր ստացա ձեր նամակը, և նա ցրեց իմ կասկածները։ Ափսոսում եմ, որ նամակս արդեն չեմ կարող ուղարկել Խարկով և ստիպված եմ հասցեագրել Ցարիցին։ Դուք հարցնում եք, ինձ հետաքրքրո՞ւմ է այդ ամենը, ինչ վերաբերում է «համբույրին»։ Իհարկե, դա ինձ հետաքրքրում է, ճիշտ այնպես, ինչպես այն ամենը, որ վերաբերում է ձեզ, բայց կարծում եմ, որ չարժե ծավալվել այդ մասին։ Ախր այնքան գռեհկություն կա այս ամենասքանչելի աշխարհում, որ եթե նրանցից ամեն մեկի վրա կանգ առնելու լինենք, ժամանակ չի լինի ամենայն լավի մասին մտածելու և, թերևս, կփչանա «հոգու ճաշակը», ինչպես փչանում է այն մարդկանց քիմքը, որոնք սնվում են ինչով ասես։ Բացի այդ, չէ՞ որ դա դատարկ բան է, համենայն դեպս լուրջ ուշադրության արժանի չէ։
Դուք դրանից ոչինչ չեք կորցրել։ Կորցրել է նա, ով, հավանաբար, կորցնելու բան չուներ։ Դուք դժգոհ եք «սիրելի, լավ Անտյա» ձևով ձեզ դիմելուց։ Դա բացատրում եք նրանով, որ իրականում ոչ լավն եք, ոչ էլ սիրելի, այլ շատ վատը, և որ ես, ավելի մոտիկից ծանոթանալով ձեզ, կհիասթափվեմ։ Իրոք, ձեզ առանձնապես լավ չեմ ճանաչում, բայց բավականաչափ լավ, որպեսզի երկրորդ անգամ և միշտ ձեզ դիմեմ այդ ձևով։ Սիրելի, լավ Անտյա, ես այնպես շնորհակալ եմ ձեզնից։ Դուք ինձ (առանց այդ գիտակցելու) այնպիսի անփոխարինելի ծառայություն եք մատուցել... Բայց այդ մասին մի՛ հարցրեք ինձ հիմա։ Երբևէ ես կասեմ։ Հետո։ Չգիտեմ երբ։ Դուք ինձ կանչում եք ձեզ մոտ։ Շատ ցավում եմ, որ Խարկովում չեք մնում։
Ինձ համար անհնար է Ցարիցին գալը։ Իհարկե, ես գիտեմ, որ այդ ժամանակը հիանալի կանցկացնեի և շատ կուզենայի ձեզ հետ լինել, բայց անհնար եմ համարում ձեզ մոտ գալը։ Ես չեմ կասկածում ձեր ծնողների հյուրասիրությանն ու անկեղծությանը բայց անկեղծ լինելու համար ուղղակի կասեմ՝ չեմ կարող։ Մտեք իմ դրության մեջ։ Ես առհասարակ շատ ամաչկոտ եմ, իսկ նման դեպքերում ինձ շատ վատ եմ զգում։ Նույնիսկ իմ ամենամոտիկ