բարեկամի մոտ, որն ամառը ինձ շարունակ խնդրում էր, որ գնայի, ես չգնացի, չնայած նրան, որ ծանոթ եմ նրա ծնողների ու եղբյարների հետ, որոնք, համոզված եմ, կընդունեին ինձ շատ լավ, ինչպես հարազատի։ Խարկով արդեն չեմ գա և առհասարակ հավանարար ոչ մի տեղ չեմ գնա։ Իսկ ձեզ այնուամենայնիվ հույս ունեմ հանդիպելու և շատ եմ ուզում։
Ի՞նչ հարց է՝ «Ես ձեզ ձանձրացրե՞լ եմ»։ Դա լավ չէ, Անտյա։ Ես նույնիսկ չեմ ուզում այդ մասին խոսել: Վերջին օրերս ես մի քիչ վատառողջ էի և երեկ նույնիսկ պառկած էի: Այսօր ինձ ավելի լավ եմ զգում: Դուք, իհարկե, Ցարիցինից ինձ կգրեք։ Օրերս ես պետք է ռեֆերատ ներկայացնեմ, այնպես որ ուզում եմ մի կերպ գրել, թեև պարապելու տրամադրություն ամենևին չունեմ: Կոլյային ես կհաղորդեմ ձեր ցանկությունը, ինչպես հաղորդեցի ձեր այն դիտողությունը բացիկում, թե նա ձեզ մոռացել է:
Պինդ, պինդ սեղմում եմ ձեր ձեռքը:
Նամակս մի քիչ ցրված ու անկապ ստացվեց: Բայց դա պետք է ներեք, որովհետև ընկերներս իրենց խոսակցությամբ խանգարում էին ինձ:
80. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Այս անգամ ձեր նամակի պատասխանը փոքր-ինչ ուշացրի։ Երևի դուք դմգոհ եք ինձնից, Անտյա։ Այո՞: Որքան ուրախ կլինեի, եթե դուք շրջապատված հարազատների ու մոտիկ մարդկանց սիրով ու գուրգուրանքով, չնկատեիք այդ ուշացումը և չտրտնջայիք ինձնից։ Չզգայիք սպասումի ծանրությունը: Բայց ես մասամբ հույս ունեմ, որ դուք անհամբեր չէիք իմ պատասխանի վերաբերյալ։ Դուք թերևս չէիք էլ զգում «սպասումի ծանրությունը», այլ սոսկ հազվադեպ, ձանձրույթի ու «հանգիստ առնելու» րոպեներին անտարբեր բացականչում էիք. «այս ինչո՞ւ չի գրում Վահանը,