Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիմա արև՛ եմ ուզում, Անտյա, ավելի շատ լո՜ւյս։ Երաժշտություն եմ ուզում և գուրգուրանք։ Ուզում եմ լինել փոքրիկ-փոքրիկ, որպեսզի ինձ փաղաքշեն ու սիրեն, ինչպես սիրում ու փաղաքշում են միայն մանուկներին։ Ուզում եմ կոպեկանոց նվերներ, որոնք ուրախացնում են աղքատ երեխաների սրտերը։ Ի՜նչ անհամբերությամբ էի սպասում մի ժամանակ Նոր տարվան։ Ի՜նչ ուրախ էր բաբախում սիրտս, ինչպե՜ս էր թրթռում լուսավոր օրվա սպասումից։ Հիմա ես ոչինչ չեմ սպասում, չեմ սպասում այդ օրերին էլ։ Ընդհակառակը, կարծես թե սիրում եմ գորշ առօրյան։ Արդեն տխուր եմ, անսահմանորեն տխուր։

Խոհե՜ր։ Տրտո՜ւմ խոհեր։

Բայց ինչո՞ւ եմ գրում ձեզ դրա մասին։ Ինչո՞ւ եմ վշտացնում տխուր խոսքերով։ Ո՞ւմ է պետք այս ամենը։

Ինչ կբերի ինձ այս Նոր տարին, չգիտեմ։

Շատ կուզենայի, որ ձեզ բերի ուրախություն և երջանկություն: Թող լուսավո՛ր լինի ձեր կյանքը, Անտյա, թող ուրա՛խ լինի։ Սեղմում եմ ձեր ձեռքը պինդ-պինդ և ցանկանում եմ ձեզ, Անտյա, ամենայն բարիք։ Գրեցեք։

Վահան

P. S. Դավթին՝ ողջույն ու մաղթանքներ։ Վ.։

82. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1908, 31 դեկտեմբերի

Ձեր նամակը, Անտյա, ստացա այսօր, ամանորի նախօրյակին։ Ձեր նամակը, ինչպես գրեթե միշտ, ինձ դուր եկավ և ուրախացրեց։ Նստել և պատրաստվում էի պատասխանել, երբ ներս մտավ Կոլյան։ Ի պատասխան նրա հարցի, թե ում եմ գրում, ասացի, որ պատրաստվում եմ գրել ձեզ։ Ապա կատակով նկատեցի՝ իսկ ի՜նչ է գրում Անտյան քո մասին։ Նա կպավ ինձ, որ նամակը ցույց տամ իրեն, այսինքն, որ տամ կարդալու։ Ես նրան ասացի, որ ցույց կտամ այն տեղը, որ իրեն է վերաբերվում, ենթադրելով, որ իմ հայտարարությունը նրա ցանկությունը կկոտրի, և նա չի