Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեմ կարող այդ անել։ Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզնից, Անտյա։ Ես լիովին համոզված եմ, որ ձեզ հետ հրաշալի կանցկացնեի ժամանակը, բայց ինձ համար անհնար է գալը։ Դա փաստ է։ Այդ մասին մանրամասն չեմ խոսի։ Դե, արդեն ժամանակն է նամակս ավարտելու, թե չէ, գուցե մինչև վերջ չկարդաք, կամ հետաձգեք քնելուց առաջ կարդալու, քանի որ այդ ժամանակ մարդ կարդում է ինչ որ ձեռքն ընկնի։ Կարող է պատահել ծննդյան արձակուրդներից հետո «կիսաճամփին» իջևանեք Մոսկվայում։ Ուզում եմ ասել, գուցե կանցնե՞ք։ Թե չէ, այնպես է դուրս գալիս, կարծես Անդրեաս առաքյալի3 պես «Հռոմի ճանապարհին» պիտի ընկնեք (ոչ թե Նովգորոդ, ինչպես նա, այլ) Մոսկվա։ Կուզենայի տեսնվել ձեզ հետ և շատախոսել։ Այսպես, ուրեմն, առայժմ ամենայն բարիք, սեղմում եմ ձեր ձեռքը պինդ-պինդ։

Վահան

Р. Տ. Իհարկե, սույն ուղերձն ստանալով, անմիջապես կպատասխանեք։ Ես չեմ ուզում դրան կասկածել։ Գրեցեք մանրամասն ամեն ինչի մասին։ Ինչպես եք ապրում, ինչ եք անում։ Ինչպես է ձեր տրամադրությունը և այլն։ Վ.։

Հասց.՝ Բոգոսլովսկի նրբ., Սերեբրյակովայի տ., բն. 17, Վահան Տերյան [ին]:

81. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1908, 27 դեկտեմբերի

Աիրելի Անտյա

Ստացա ձեր բացիկը, որով հարցնում եք իմ երկար լռության պատճառը։ Հավանաբար, հիմա արդեն ստացել եք նամակս, որը, հուսով եմ, ցրել է ձեր կասկածները։ Ինքնազգացողությո՞ւնս։ Այդ մասին միշտ դժվար է լինում որևէ որոշակի բան ասել: Չէ՞ որ տրամադրությունները, հատկապես իմ, այնպես արագ են փոխվում։ Ես կարող եմ խոսել միայն ներկա պահի մասին։

Ես տխուր եմ։ Ես միշտ տխուր եմ լինում, երբ գալիս են տոների ու «համընդհանուր» ուրախությունների հանդիսավոր օրերը։