Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ իսկապես, ինչպե՞ս կարող է մարդկանց սիրող մարդը չսիրել փառքը, այսինքն՝ մարդկանց սերը դեպի ինքը։ Դրա համար պետք է չափազանց եսասեր մարդ լինել։ Իհարկե, այստեղ հարցն այն է, որ իմանաս քո արժեքը։ Որովհետև հաճախ փառքը մարդու արժեքավորության ցուցանիշը չէ։ Ինչպես առանձին մարդիկ, այնպես էլ հասարակությունը կարող են թերագնահատել մարդուն, նրան չհասկանալ և այլն։ Ահա այստեղ պետք է հավատ իր նկատմամբ և կամքի ուժ, որպեսզի հաղթես հասարակության անտարբերությունը։ Սակայն իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի ուզի, քան ինքն արժանի է։ Մինչդեռ ժամանակակից երիտասարդությունից շատ-շատերը, իմ կարծիքով, չափազանց բարձր են գնահատում և ուրիշներին, և իրենց։ Ահա և հայտնվում է «ձախողակների» ապատիան, մելամաղձությունը։

Հեշտ փառքը բախտի բան է։ Հաստատուն փառքը ձեռք է բերվում արժանիքներով, իսկական արժանիքներով։ Օրինակ, Չեխովի փառքը տարեցտարի կաճի, այնինչ ժամանակակից «երեվելիներից» շատ շատերի փառքը ավելի վաղ կխամրի, քան նրանք գերեզման կիջնեն, կամ դրա հետ մեկտեղ։ Նրանցից շատերը, ովքեր տառապում են ապատիայից ու մելամաղձությունից, չունեն ոչ մի աշխարհայեցողություն և, որ գլխավորն է (քանի որ կուռ, քիչ թե շատ մնայուն աշխարհայեցողություն ունենալու համար մարդ պետք է շատ, չափազանց շատ աշխատի իր վրա), չեն ջանում մշակել «գույնը»։ Իհարկե, շատերին արդարացնում են «պայմանները», իրոք սարսափելի պայմանները, որոնք հնարավորություն չեն տալիս այդ անելու, և շատ շատերը հենց այդ անհնարին պայմանների պատճառով են հասնում այդ անուրախ վիճակին, բայց, կրկնում եմ, մեծամասնությունը այդ տխուր վիճակին հասնում է վերոհիշյալ պատճառներով։ Դուք արդեն բարկանում եք, տրտնջում եք ինձնից, Անտյա, որ ձե՛զ «դասում եմ» նրանց շարքը։ Բայց ես այդ չեմ արել։ Ես ուզում եմ համոզված լինել և գրեթե համոզված եմ, որ ձեր ապատիան ժամանակավոր է, դա նույնիսկ ապատիա չէ, քանի որ ապատիան մեռյալ անտարբերություն է դեպի ամեն ինչ, մինչդեռ ես գիտեմ, որ դուք չափազանց կենդանի մարդ եք այդպիսին լինելու համար։ Ձերը տրամադրություն է, որը արագ փոփոխվում է։ Բայց ձեր նամակում խոսում եք նաև այն մասին, որ դուք վատն եք,անխելք և այլն,