Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համաչափել իրենց ուժերը, և նրանց ցանկությունները չափազանց բարձր են, մինչդեռ ուժերը քիչ են։ Բայց չէ՞ որ նախ տափակ բան է ցանկալ այն, ինչ հնարավոր է, հաստատապես հնարավոր է, և երկրորդ, ի՞նչ իմանանք, ի՞նչն է գերազանցում մեր ուժերը, ինչը՝ ոչ։ Դա ճիշտ է։ Բայց ահա թե ինչ, Անտյա։ Ես արդեն կարծես գրել եմ ձեզ, որ լիովին ընդունում եմ Իբսենյան աֆորիզմ-նշանաբանը՝ «Ինչը որ չկարողացար, քեզ կներվի, բայց ինչը չուզեցիր՝ երբեք»։ Եվ այսպես, երբ որևէ ուժեղ ցանկություն ունես, հարկավոր չէ նրանից հրաժարվել, այլ պետք է ձգտել դեպի նա, դեպի այդ ցանկության նպատակը։ Պետք չէ թեթևամտորեն ցանկանալ, որ հրաշքը կատարվի առանց գերիվեր ջանքերի։ Ոչ, առանց աշխատանքի, համառ աշխատանքի, նույնիսկ ոչ մի հանճար հրաշք չի կատարել։ Այդ բոլոր մարդիկ, որոնք 20—25 տարեկան հասակում, երբեմն էլ ավելի վաղ, ապատիայի գիրկն են ընկնում, ունեն միայն ու միայն ցանկություն։ Նրանց տրված են միայն «ազնիվ խոյանքներ», իսկ դրանք իրացնելու համար ոչինչ չի տրված, որովհետև նրանք չեն ուզում ընթացքը, նրանք ուզում են տեսնել սոսկ նվաճումը: Իսկ իմ կարծիքով դա ճղճիմություն է։ Պետք է ուրախանալ, կարողանալ ուրախանալ բուն ձգտման համար, հենց ընթացքի համար, և եթե պետք է նվաճման մխիթարությունը, ապա դա պետք է որոնել այն համոզման մեջ, որ նպատակին կհասնենք, թեկուզ եթե ոչ մենք, ապա հաջորդ սերունդները։ Մենք չենք ուզում կյանքի աշխատավորի ուրախությունը։ Մեզ ճնշում է մրջնաջան, բայց հաստատ աշխատանքը, մենք արծվի թռիչք ենք ուզում, մենք ուզում ենք «հերոսներ» լինել։ Եթե կուզեք, այդ ցանկությունների մեջ քաղքենիական էգոիզմի մեծ չափ կա։ Մտածեցեք մի լավ։ «Ես ուզում եմ անպայման մեծ լինել և գործը սիրում եմ լոկ նրա համար, որ դա ինձ մեծ լինելու հնարավորություն կտա»,— այդպես են դատում, կամ պետք է որ դատեն վերոհիշյալ մարդկանցից նրանք, որոնք գոնե անկեղծ են իրենք իրենց հետ։

Ես այսպես եմ դատում. ես սիրում եմ գրականությունը, ես զբաղվում եմ դրանով։ Մի՞թե ես պետք է մեծ գրող լինեմ։ Ես այդ չեմ կարծում։ Ոչ։ «Մի՞թե դուք փառք չեք ուզում»,— նենգորեն ժպտում եք դուք։ Ի՜նչ եք ասում, ի՜նչ եք ասում։ Ես դեռ այնպես փչացած չեմ և այնպիսի էգոիստը չեմ, որ փառք չուզենամ։ Չէ՞