Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրեցեք, Մի վախեցեք, ձեր նամակները որքան էլ երկար լինեն, ինձ չեն հոգնեցնում։

Ձեր նամակը փոստատարը բերել է մի քանի անգամ, բայց ես տանը չեմ եղել, իսկ տանտիրուհիս... գլխի չի ընկել ստորագրել և ստանալ: Ահա թե ինչու է ուշացել նամակը։

86. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1909, 13 հունվարի

Անտյա

Հենց նոր ստացա ձեր անկապ և (ներեցեք) բավական անբովանդակալից նամակը։ Այդ նամակից ես այն իմացա միայն, որ ձեր տրամադրությունը լավ չէ։ Բայց այդքանն էլ բավական է։ Մի՞թե այդպես պարտադիր է անպայման երկար նամակներ գրելը։ Ոչ։ Երբեմն ուղղակի անհնար է լինում գրել։ Ահա, օրինակ, հիմա ուզում եմ գրել ձեզ, իսկ ինչ եմ գրելու՝ չգիտեմ։ Ինչ֊որ անտարբեր վիճակ է։ Առանձնապես ոչ մի բան չեմ ուզում։ Կամազրկություն է։ Մի տեսակ հոգնածություն։ Էհ, Անտյա, ճշմարիտ, ինքս էլ չգիտեմ, այս ինչ է կատարվում ինձ հետ։ Միայն մի բան եմ ուզում՝ պառկել, պառկել, անվերջ պառկել ու նայել առաստաղին։ Աննպատակ պառկել։ Մոռանալ ամեն ինչ, ամեն ինչ մոռանալ և ոչնչի ու ոչ ոքի մասին չմտածել։ Իմ մասին էլ չմտածել հանգստանա՜լ։ Ես այնպե՜ս հոգնել եմ։ Ահա թե ինչու, Անտյա, առայժմ պետք է սահմանափակվեմ այս կարճ նամակով։ Առավել ևս, որ չեմ ուզում հետաձգել ձեր նամակի պատասխանը։ Գուցե ամսի 27֊ին էլի գրեմ։ Կաշխատեմ ավելի «հետաքրքիր» նամակ գրել։

Իսկ դուք գրեցեք։ Չմոռանաք գրել ձեր ապատիայի պատճառի մասին (նամակում խոստացել եք)։ Դա հետաքրքիր է։ Սեղմում եմ ձեր ձեռքը։

Վահան

Р. Տ. Երեկ եկավ Օնիկը։ Գրեցեք ավելի շատ և շուտով։ Ձեզ համար այդ ինչ օր է ամսի 27֊ը։

Վահան