Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևի ձեզ էլ դրանք ծանոթ են։ Ահա այսպե՛ս։ Թողնե՛նք դրանք: Գիտե՞ք ինչ, սիրելի Անտյա, շուտով եկեք, ես շատ եմ ուզում ձեզ տեսնել, ջանալ մի քիչ զվարճացնել ձեզ (թեև սատանան գիտե, թե մինչ այդ ինչ կարող է պատահել աստծո ծառա Տերյանի հետ)։ Բայց և այնպես եկեք։ Եվ մի բարկացեք իմ այս շաղակրատության վրա, աստված վկա, չէի ուզում ձեզ զայրացնել, այլ «միանգամայն ընդհակառակը», և ոչ մեկը, ոչ մյուսը, ինչպես բարեհաճում եք տեսնել, չկարողացա։ Վերջին երկու-երեք օրում ոչինչ չեմ արել, բայց հաստատ որոշել եմ երկուշաբթի օրվանից սկսել պարապել։ Այո, հաստատ որոշել եմ։ Այս արդեն 2227894367...րդ անգամն եմ որոշում։ Գուցե այս անգամ հաջողվի, ո՛վ գիտե։ Չէ՞ որ մենք փոքր մարդիկ ենք, Անտյա, և ախր հասկանալի է, որ չենք կարող հսկաների քայլերով քայլել։ Բայց հիանալի բան է փոքր մարդ լինելը։ Ապրում ես քեզ համար ու հոգդ էլ չէ, թքել ես բոլորի վրա և ոչ ոքի ու ոչնչի հետ գործ չունես, և քեզնից ոչինչ չեն պահանջում, և դու գոհ ես, միակ բանը, որ ստիպված ես անել, այն է, որ երբեմն մարդկանց հիշեցնում ես, որ դու փոքր մարդ ես։ Ինչ լա՜վ է։ Անսահման ուրախ եմ, որ մեծ չեմ ծնվել։ Թող կորչեն: Ցանկանում եմ նրանց ամենայն մեծություն էլի ու էլի... մինչև որ պայթեն չափից ավելի «փքվելուց»։ Համա՜ թե արտահայտվում եմ, գրողը տանի։ Այս ամենի համար ներեցեք ինձ, սիրելի Անտյա, և շուտով եկեք։ Իսկ եթե չգաք, ես, իհարկե, ինքնասպանություն չեմ գործի և Մոսկվա գետը չեմ նետվի (առավել ևս, որ հիմա այնտեղ սարսափելի ցուրտ է, կարող եմ մրսել), բայց շատ կտխրեմ։ Դա փաստ է։ Իսկ առայժմ գրեցեք։

Ամուր, ամուր սեղմում եմ ձեր ձեռքը, ցավեցնելու չափ, որպեսզի չկարծեք, թե ստում եմ, երբ ասում եմ, թե հիմա շատ եմ ուզում ձեզ տեսնել և զրուցել ձեզ հետ, նաև նրա համար, որպեսզի դուք, երբ ինձ տեսնեք, կարծեք, թե շատ ուժեղ եմ (թեև այդպես չէ)։ Բայց, աստված վկա, ուզում եմ, շատ֊շատ եմ ուզում ձեզ տեսնել, հասկանո՞ւմ եք։

էլի նույն Վահանը, որը հիմարություններ է դուրս տալիս և ինքն էլ չգիտե, թե ինչից է և ինչի համար։ Բայց, իսկապես, նա այնքան հիմար չէ, որքան թվում է, և ախր բոլոր մարդիկ էլ