Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց չգիտես ինչու համոզված եմ, որ լեզուներս կբացվի, և չգիտես ինչու, ինձ միշտ թվում է, որ մենք այստեղ շատ լավ բարեկամներ կլինենք և որ այն ժամանակ շատ բան կունենանք, որի մասին անհրաժեշտ կլինի խոսել։ Իհարկե, դա կերևա, երբ գաք, և երբ մենք «ատամին տանք» իրար, բայց մի՞թե հիմք չունեմ ենթադրելու, որ չենք հիասթափվի մեր սպասումներից։ Համենայն դեպս, ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ ձեզ (այդ բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել «մարդկային» սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել, գերադասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում)։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, շատ եմ Վախենում, որ ինձ տեսնելով ու մոտիկից ճանաչելով, հիասթափվեք, թեև, այնուամենայնիվ, ինձ թվում է, ես ավելի ստոր չեմ շատ ուրիշներից և ավելի հիմար չեմ նրանցից։

Բայց և այնպես հույս ունեմ, որ կհասկանանք միմյանց և չենք գժտվի գոնե սկզբնական շրջանում (ասենք դա պահանջում է քաղաքավարությունը, ճիշտ չէ՞, Անտյա)։ Ես որ ձեզ չեմ նեղացնի, որովհետև ինչքան չլինի, չէ՞ որ դուք հյուր եք մեզ մոտ, իսկ ես, ինչպիսին էլ լինեմ, համենայն դեպս ասիացի եմ, իսկ նրանց մասին ասում են, որ չափազանց հյուրասեր են (թեև գուցե այդ հայացքն այնքան էլ չի համապատասխանում ճշմարտությանը. բայց քանի որ դա հիմա ինձ ձեռնտու է, ուզում եմ օգտվել այդ կարծիքից։ Տե՛ր աստված։ Եվ ինչո՞ւ չօգտվեմ, չէ որ դա այնպե՜ս հաճախ է կիրառվում մեր սքանչելի ժամանակներում)։ Ես արդեն նկատեցի, որ իմ փակագծերը շատ մեծ տեղ են գրավում և ծիծաղեցի իմ գրել չիմանալու վրա։ Բայց դա էլ դժբախտություն չէ։ Եվ առհասարակ շատ քիչ կլիներ դժբախտությունը, եթե մարդիկ այնպես խոզ չլինեին, ինչպես որ են։ Իսկ այդ դժբախտությանը (ամենամեծ կամ համարյա թե ամենամեծ դժբախտությանը... թո՜ւ, նորից փակագիծ։ Որքա՜ն փակագծեր են պետք այս զարմանահրաշ աշխարհում), հա, իսկ այդ դժբախտությանը դժվար է օգնել։ Շա՜տ է դժվար։ Որովհետև խոզից մարդ չես շինի, ինչքան ուզում ես գլուխ տրաքացրու։ Բայց այս ինչո՞ւ այսպես տարվեցի խոզերով, չէ՞ որ այդ բարիքից այնքան կա, որ