Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկանում, ինչու է այդպես պատահել, որ մինչև հիմա չեք ստացել։ Իմ օրերը, սիրելիդ իմ Անտենկա, հոսում են վերին աստիճանի միապաղաղ ու ձանձրալի, սոսկ րոպեաբար ցոլանում է ուրախության մի ճառագայթ, բայց այն էլ արագ մարում է, և նորից ձգվում է այս գորշ-գորշ միօրինակ «կյանքը»։ Մի կերպ գրեցի երկու ռեֆերատ, որոնք ինձ մահու չափ ձանձրացրել էին։

Երբեմն բանաստեղծություններ եմ գրում, բայց շատ հազվադեպ է ինձ այցելում անիծյալ «Մուսան» և մի տեսակ կողքանց է մոտենում ինձ, այնպես որ օգուտը քիչ է, ավելի շատ գոհանում եմ ապագայի վրա հույս դնելով։ Չէ՞ որ պատանիներին ոչ թե գիտություններն են սնում, այլ հույսերը²: Թեև ես, ավա՜ղ, արդեն ամենևին էլ պատանի չեմ։ Ծերունի է ձեր Վանիկը։ 24 տարեկա՜ն։ Մտածիր, սիրելիս, 24 տարեկա՜ն։ Է՜հ, թողնենք այս խիստ անախորժ խոսակցությունը։ Չէ՞ որ վայելուչ հասարակության, comme il faut մարդկանց մեջ տարիքի մասին չեն խոսում, ճիշտ չէ՞։ Եվ բացի այդ, չեմ ուզում նվնվալ։ Ձանձրացրե՜լ է։ Շուրջդ բոլորը չափազանց շատ են նվնվում։ Իսկ հենց դա իմ մեջ մի տեսակ հակառակ զգացմունք՝ առույգություն է առաջացնում։ Երբեմն մի տեսակ առանձնապես առույգ եմ լինում հոգով, և թվում է, ամեն ինչ կարող եմ անել։ Ես հիմա հաճախ սկսում եմ վերստին հասկանալ առույգ խոսքերի ու գործերի գեղեցկությունը։ Ահա այս րոպեներին ես չեմ զգում կյանքի ձանձրույթն ու միապաղաղությունը։ Դա չափազանց հաճելի ու վսեմ տրամադրություն է։ Այ ես կուզենայի, որ դուք համակվեիք դրանով։ Առհասարակ պետք է նկատել, Անտյա, որ արդեն ողջ հասարակությունը խիստ կնկավարի (ներեցեք արտահայտությանս) սկսել է նվնվալ։ Երբեմն մարդ ուզում է բղավել. Բավակա՜ն է։ Վերջ տվեք պառավ կնկա պես տրտնջալուն։ Բայց և այնպես երբեմն ինձ վրա էլ է իջնում սարսափելի թախիծ։ Ինձ թվում է, դա մենակությունից է։ Թեև չգիտեմ։ Երբեմն ես սոսկալի մենակ եմ լինում։ Դե, Անտենկա, առայժմ։ Ձեռքս հոգնեց: Գրեցեք ավելի հաճախ ու ավելի շատ։ Համբուրում եմ ձեզ, իմ սիրելի աղջնակ, և ցանկանում ամենայն բարիք։ Բարևեցեք ձեր փեսացուին, եթե նա իրոք կա։