կնշեմ երկու բնորոշ բան։ Նախ և առաջ այստեղ այնքան ձանձրալի է, որ մարդիկ գնում են լսելու գավառական բժշկի դասախոսությունը «խոլերայի մասին»։ Եվ ես էլ այդ մեղքն ունեմ։ Բայց պատկերացրեք այդ խուլ վայրում մրոտած ու բորբոսնած գավառական բժշկին, պատկերացրեք նրան հրապարակային դասախոսություն կարդալիս, ակնոցով, ֆրակով, այն էլ ինչպիսի՜։ Դա ծիծաղից մեռնելու բան էր։ Իսկապես, դա շատ զվարճալի ու հետաքրքիր էր, ամենահետաքրքիր բանը, որ տեսել եմ այստեղ ամբողջ ամառվա ընթացքում։ Ապա` այստեղ կա ևս մի հիշարժան բան։ Դա մի երջանիկ մարդ է։ Դուք երևի գիտեք այն հիվանդ թագավորի հեքիաթը, որին իմաստունները խորհուրդ էին տվել երջանիկ մարդու շապիկը3 հագնել։ Երբ թագավորի բանբերները գտնում են երջանիկ մարդուն, պարզվում է, որ նա շապիկ չունի։ Խե՜ղճ թագավոր։ Եթե նա ողջ լիներ, ես նրան ցույց կտայի մի երջանիկ մարդու, որը, ընդսմին, նաև շապիկ ունի։ Դա տեղիս նոտարն է, որը ինքն է ամենուրեք և ամենքին հայտարարում, թե ինքը երջանիկ է։ Այ թե խո՜զն է, տեր քեզ մեղա4։
Իհարկե, ամբողջ հոգով ձգտում եմ Մոսկվա, և մոտ 15 օրից դուրս կգամ, այնպես որ օգոստոսի կեսին կլինեմ Մոսկվայում։ Քիչ եմ պարապում կամ, ավելի ճիշտ, չեմ պարապում։ Հիմա թարգմանում եմ Օսկար Ուայլդի «Սալոմեն»5, բայց դա «հոգու համար է»։ Դուք ի՞նչ եք անում։ Ինչպե՞ս եք զգում Ձեզ։ Ինչպե՞ս է Անտենկայի առողջությունը6։
Զբաղվո՞ւմ եք որևէ բանով, թե՞ զբոսնում և կազդուրվում եք։ Դոդյա՞ն էլ Ձեզ հետ է։ Այդ ե՞րբ մեկնեցիք Դուք։ Այդ մասին կարծես խոսք չկար։ Ե՞րբ եք մտադիր Ռուսաստան գալու և հատկապես` ո՞ւր։
Եթե գրեք, ուրախ կլինեմ։
Ողջույն Անտենկային և ձերոնց։
Հասցես` Թիֆլիս, «Հորիզոն»-ի խմբագրություն։ Վահան Տերյանի համար։ (Այդ այն դեպքում, եթե հիմա գրեք, իսկ եթե ավելի ուշ գրելու լինեք, կարող եք գրել Մոսկվա, Սուխարևսկայտ հրապ., Կանանովայի տ., Իոսիֆ Կուսիկովին, Վահանի համար)։