Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպես նա և՛ դպրոց էր գնում, և՛ դալլաքի մոտ աշկերտություն անում։

Որպեսզի տեսնեք, թե ինչ տեսակ մարդկանց և բարքերի մեջ էր սնվում մեր ապագա բանաստեղծը, իսկ այն ժամանակ փոքրիկ՝ 7—8 տարեկան թուլակազմ Ալեքսանդրը, ես կպատմեմ ձեզ մի փոքրիկ էպիզոդ նրա կյանքի այդ շրջանից։

Մի անգամ ճաշից հետո դալլաք քեռին ուղարկեց Սանդրոյին մոմ գնելու — երկու կոպեկանոց բարակ ճրագուի մոմ։ Սանդրոն մոմը գնեց, բայց տուն դառնալիս մի դժբախտություն պատահեց, նա հանդիպեց իր դպրոցական ընկերներին և մտածելով, որ դեռ վաղ է, սկսեց նրանց հետ վեգ խաղալ։ Այդ խաղի ոգևորության ժամանակ ապագա պոետը հանկարծ սթափվեց, երբ տեսավ, որ քեռու համար քնած երկու կոպեկանոց մոմը կոտրվել է։ Երբ նա վերադարձավ տուն, քեռին իսկույն ևեթ զինվորական-դաշտային դատաստանով դատապարտեց և վճռեց կախաղան բարձրացնել նրան։ Եվ այդպես էլ արեց։ Սափրատան բակում մի ահագին ծառ կար։ Ահա այդ ծառից նա գլխիվայր կախեց Սանդրոյին ու ինքը գնաց ժամ՝ աստծուն աղոթելու։ Չգիտեմ որքան ժամանակ Սանդրոն կախված մնաց, սակայն նրա բախտից հարևանները նկատեցին իրան ծառից կախված, երբ քթից ու բերանից արյուն էր գալիս, և ազատեցին։ Կախաղանային ուղղիչ միջոցը, ճիշտ է, մեր ժամանակներում սովորական երևույթ է դարձել, սակայն դեռ ոչ մի երկրում մանուկների համար այդպիսի սպեցիֆիկ դաժան պատիժ չի հնարել և ոչ մի երկիր խաղաղեցնող։

Ինչպե՞ս էին ապրում Սանդրոն և նրա մայրը։

Իր հորը պոետը չի տեսել, սակայն մորը շատ լավ է հիշում և մտաբերում է մի առանձին ջերմ սիրով և երախտագիտության զգացմունքով։ Նրա մայրը մի վերին աստիճանի հեզահամբույր, բարի և քնքուշ արարած էր։ Եվ իր բովանդակ քնքշությունն ու սերը, իր բովանդակ աշխատանքն ու հոգածությունը նվիրում էր իր որդուն։ Այդ սերը պահպանել է պոետի սրտում մի իդեալական զգացմունքի գաղափար — մաքուր և անսուտ սիրո մի հիշողություն, կարծես մի ուրիշ աշխարհից ստացած. դա է, որ ստիպել է բանաստեղծին ապագայում մի առանձին քնքշությամբ հիշելու իր մանկության տարիները, որ ընդհանուր առմամբ տանջանքի ու զրկանքի տարիներ են եղել։