Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն երեկո, երբ մայրը վերադառնում էր իր աշխատանքից (ես հիշատակեցի, որ նա զանազան տներում լվացք էր անում), հետը հացի մեջ փաթաթած մի բան էր բերում՝ մի կտոր պանիր, միս կամ մի այլ բան, որ մյուս օրը Սանդրոն հետը դպրոց տանի նախաճաշիկի համար։ Դա մայրը հանում էր իր բաժին ճաշից, որ տալիս էին իր լվացք արած տեղում։ Բայց երբեմն պատահում էր, որ ոչինչ չէր բերում։ Այդ դեպքում Սանդրոն մյուս օրը մեծ դասամիջոցին պետք է վազ տար այնտեղ, ուր մայրը լվացք էր անում՝ մեծ մասամբ Սափարյանների տուն, և այնտեղ ստանար իր բաժինը մորից։ Բայց պատահում էր, որ այ՛դ ժամանակ մորը դեռ ճաշ տված չէին լինում, այդ դեպքում մայրը ասում էր — գնա աչքերին երևա, գուցե մի բան տան։ Սանդրոն վազում էր բակը, անցնում էր այնտեղ մի երկու անգամ, մինչև որ նրան նկատում էին պատշգամբից կամ լուսամուտից և մի բան նետում էին վերևից — մի կտոր հաց, մի խնձոր, մի կտոր միս— ինչ որ պատահեր։ Բայց պատահում էր և այնպես, որ այդ էլ չէր լինում, և խեղճ Սանդրոն ստիպվում էր ունայնաձեռն ու սոված դառնալ դպրոց և հաճախ, բացի դրանից, դեռ պատժվել վարժապետից, որովհետև անօգուտ, բայց երկար սպասելով մի կտոր հացի, ուշանում էր դասին։ Շաբաթը մի անգամ միայն տաք կերակրի երես էին տեսնում մայրը և որդին։ Ձմռան երկար երեկոներին կիսավեր խրճիթում նստած ցրտից դողդողում էին, սրթսրթում մայրը և որդին։ Երբեմն այդպիսի օրերում, երբ ցուրտը սաստիկ էր լինում, փոքրիկ Սանդրոն դուրս էր գալիս, գնում էր եկեղեցուն կից դպրոցի բակը։ Այնտեղ պատի մոտ դարսված էին դպրոցի փայտերը, իսկ պատի մյուս կողմը տերտերի փայտի դեզն էր բարձրանում սարի նման։ Սանդրոն մութի մեջ անցնում էր դպրոցի փայտերի վրայով ու տերտերի փայտերից մի քանի կտոր վերցնում բերում էր տուն։ Մայրը նախատում էր որդուն ու լալիս, բայց մյուս կողմից տեսնում էր, որ ուրիշ ճար չկար, և վառում էր բուխարին։ Եվ, երևակայեցեք, բարի աստված, որին ծառայում էր տերտերը, ոչ մի անգամ չէր պատժում փոքրիկ Սանդրոյին այդ գողության համար։ Իհարկե, աստված էլ խոմ դալլաք չէր, քեռի չէր, որ չխղճար փոքրիկ Սանդրոյին, այդպիսի բաները չհասկանար և կախաղան հաներ կամ քոթակ տար, ինչպես անում էին ամենքը։

Երբ Ծատուրյանը 12 տարեկան դարձավ, նա արդեն հասակն