որովհետև տրիլոգիայի նախերգանքը պետք է լիներ մի առանձին գործ՝ վեպիկ կամ վեպ։ Բ) «Տրիլոգիայի պրոլոգին» — այդ առանձին վեպի գրելուն ձեռնարկել է «շատ վաղուց»։ «Շատ վաղուց»-ը վերաբերում է 1906 թվականին, որովհետև այս նամակում ասում է, որ խուզարկության ժամանակ հավաքել են «բոլոր սկսված և չվերջացրած «վեպերը»»։ Գ) Ուզել է նստել գրել, տրիլոգիայի նախերգանքը, բայց չի կարողացել մտադրությունն իրականացնել («բայց չի լինում»)։ Մի այլ նամակից, գրված հավանաբար 1915 թ. օգոստոսին, պարզվում է նաև այդ հարցը. «Վերջին ամիսները (այսինքն՝ «ամառը» — Վ. Պ.) ամբողջ ժամանակ մտածում եմ իմ ծրագրած վիպական (արձակ) տրիլոգիայի մասին, բայց դա գրելու համար պետք է միանգամայն ազատ լինել պաշտոնական ու հերթական աշխատանքներից, որ այժմ ամբողջապես կլանում է ինձ (ժամանակս)»։ Սա վերջին հիշատակությունն է տրիլոգիայի մասին։
Այժմ դառնանք տրիլոգիայի թեմային՝ ինչի՞ մասին պետք է լինեին վեպերը: Ժամանակագրական կարգով այդ մասին առաջին տեղեկությունը հաղորդել է Պ. Մակինցյանը։ 1925 թվականին նա գրել է. «Այդ շրջանում (նկատի ունի 1912 թվականից հետս — Վ. Պ.) Տերյանը ավելի և ավելի հաճախ է վերադառնում խոշոր վեպ գրելու մտքին։ Այդ վեպը պիտի կենդանագրեր իր սերնդի մտավորական մի քանի տիպարներ։ Նրանց մանկությունն անցնում է գյուղում, պատանի և երիտասարդ հասակը — Կովկասի և Ռուսաստանի քաղաքներում։
Այդ վեպում պիտի արտացոլեր ժամանակակից մտավորականությունն ու նրա միջավայրը։ Պոետի թողած թղթերում մենք գտնում ենք թեթև նոթեր… այդ վեպի սկզբնական-նախապատրաստական աշխատանքից» («Չորսհատորյակ», 1-ին հատոր, էջ XXXIV—XXXV)։
Ստ. Զորյանը պատմում է, որ Տերյանը սիրել է երկար խոսել գրականության մասին, քննել «հին ու նոր» գրողների գործերը, և մանավանդ ընդգծել, որ մեր արձակին պակասում է բարձր արվեստը, չափի զգացումը։ «Չունենք հոգեբանական խորը գործեր»,— դժգոհել է Տերյանը։ Նա, շարունակում է Ստ. Զորյանը, «ծրագրում էր գրել արձակ, պատկերել գյուղի կյանքը։ Ասում էր, որ դա մի շատ հետաքրքրական գիրք կարող է լինել՝ ժողովրդի նախապաշարումներով, առանձնահատկություններով ու հոգեբանությամբ։ Պատմեց անգամ մի դեպք, թե ինչպես երեխաները մտնում են մի գոմ և վախենում սատանաներից… Այդ պատմության մեջ հատուկ ուշադրություն էր դարձնում նրանց ապրումների ու հոգեբանության վրա։
— Մեր ոչ միայն քաղաքը, գյուղն էլ կարգին չի պատկերված մեր գրականության մեջ՝ բարձր արվեստով ու լավ լեզվով» («Հուշերի գիրք» 1958, էջ 196)։ Պ. Մակինցյանի և Ստ. Զորյանի վկայություններից համընկնում են «գյուղի կյանքը» պատկերելու մտադրության մասին հաղորդածները։ Երևի դա պետք է լիներ տրիլոգիայի առաջին գիրքը, իսկ այդ գրքի հերոսների կյանքը քաղաքում, «ժամանակակից մտավորականությունն ու նրա միջավայրը», պետք է տրվեր տրիլոգիայի մյուս գրքերում։