Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Կյանքի վերջին տարիներում,— գրում է նա,— Տերյանը հայերեն վեպ և դրամա գրելու ծրագիր էր որոճում։ Նրա պրոզաիկ թարգմանությունները (նկատի ունի Շ. Բոդլերի և Օ. Ուայլդի երկերի թարգմանությունները — Վ. Պ.) նախնական փորձեր էին արձակ շարադրության ուրույն ոճ մշակելու նպատակով։ Սակայն նրա ուրույն մտահղացումները այդ ուղղությամբ նույնպես պիտի անկատար իղձերի շրջանում մնային» («Կոմունիստ», 1921, № 26, 7 հունվարի)։ Հետագայում ևս տերյանգիտության մեջ խոսվել է այդ մասին։ Տերյանը բազմիցս ասում էր, գրել է տերյանագետ Ա. Ալիխանյանը, թե մտադիր է գրել մեծ գործեր՝ վեպեր, դրամաներ, պոեմներ (տե՛ս «Վահան Տերյանի պետական գործունեությունը», Երևան, 1956, էջ 56)։ Իսկ ի՛նչ կա, իսկապես, փաստերով հաստատվող։ Բացի նամակում գրածից, թե «հավաքեցին իմ բոլոր սկսված ու չվերջացրած «վեպերը», վեպ գրելու մասին Տերյանը մեկ էլ հաղորդում է 3 ամիս հետո՝ 1907 թ. ապրիլին Օնիկ Օհանջանյանին գրած նամակում. «Մի կերպ ուրվագծեցի վեպիս առաջին մասի սևագիրը, մոտավորապես 100 էջի չափ»։ Ինչ «վեպերի» կամ «վեպի» մասին է խոսքը: Այս մասին առաջինը խոսք է բացել տերյանագետ Ս. Սուքիասյանը. «…Մեծ եղավ հիասթափությունը,— գրում է նա,— երբ «Ռևոլյուցիայի և արտաքին հարաբերությունների արխիվում» չգտնվեցին այդ «վեպերը»: (Դժվար է ասել, թե ինչու Վ. Տերյանը չակերտների մեջ է առել այդ բառը — միգուցե դա պայմանակա՞ն է, այն մտքով, որ երկը դեռևս անավա՞րտ է, կամ համեստությո՞ւն է սա» («էջեր Վահան Տերյանի կյանքից», էջ 300)։

Չակերտների այս բացատրությունը, մեր կարծիքով, համոզիչ չէ։ Երկրորդ նամակում ևս Տերյանը ասում է «վեպս»։ Առանց բացատրությունների այս «վեպս»-ը ցույց է տալիս, որ առաջին անգամը չէ այդ մասին խոսքը, որ ընկերները (համենայն դեպս Օ. Օհանջանյանը, որին գրված է նամակը) գիտեին այդ վեպի մասին։ Ս. Սուքիասյանը անում է նաև երկրորդ ենթադրությունը՝ թե «պարզ է, որ խոսքը իրոք գոյություն ունեցած գործի մասին է։

Արդյոք ի՞նչ վեպ է դա, վերջնականապես կորա՞ծ պիտի համարել այն, թե՞ մի գեղեցիկ օր, ինչպես ասում են, որևէ կերպ լույս աշխարհ կընկնի այն, այս հարցերին չենք կարող պատասխանել։ Բայց որ նույն այդ արձակ երկը, թեկուզև անավարտ վիճակում, մեծ ու հաճելի անակնկալ կլինի մեզ համար, դա վեր է ամեն կասկածից» («էջեր Վահան Տերյանի կյանքից», էջ 300 — 301):

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տերյանը 1907 թվականին ընդհատել է աշխատանքները այդ «վեպեր»-ի վրա։ Գրելու ընթացքում զգացել է վեպ գրելու ողջ դժվարությունը և թողել է հետագային, երբեք, սակայն, չհրաժարվելով նրան վերադառնալու մտքից։ «Վեպ»-ի և «վեպեր»-ի հարցը կարելի է պարզել՝ ծանոթանալով Տերյանի հետագա տարիների նամակներին. «Այս ամառ,— գրել է նա Նվ. Թումանյանին 1915 թվականի ամառը,— ուզում էի նստել գրելու իմ ռոմանների «տրիլոգիայի պրոլոգը», այսինքն երեք ծրագրածս վեպերի նախերգանքը, որ լինելու է մի առանձին վեպիկ և որ ծրագրել եմ շատ վաղուց, բայց չի լինում»: Այսպիսով պարզվում է, որ Ա) «վեպեր» է ասում, որովհետև ծրագրել է «տրիլոգիա» գրել, «վեպ»,