Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այժմ և ինչպես ներկայացնում մեզ։ Քաղաքում, ուր կուլտուրական կյանքը բացակայում էր, ուր ինտելիգենցիան մի կաթիլ էր ահազին ծովի մեջ և այն շատ քիչ տարբերվող այդ ծովից մի կաթիլ— այդ քաղաքը չէր կարող հայրենասեր ինտելիգենտների իդեալների առարկա լինել— նա օտար էր նոցա, գյուղն էր, ուր որոնում էին ազգային ռոմանտիկ գաղափարներով ներշնչված ինտելիգենտները, որոնում իրենց նեցուկ, հենարան։ [Ինչպես է] նկարագրում հայ վաճառականին Րաֆֆին և ինչ քարոզներ է կարդում։ Նա տենչում է, որ հայ առևտրականը եվրոպական հիմքերի վրա դնե իր գործը և առաջ գնա։ Դա կապիտալիզմի նախարշալույսն էր— նա դեռ նոր էր ծիլեր արձակում։ Հայ վաճառականը դեռ չարչի էր, մանրավաճառ, նա չուներ այն արդյունաբերական ոգին, որ մոտիկ ապագայում պետք է տոգորեր նրան և քաշեր դեպի արդյունաբերական կենտրոնները— ինչպես Բաքու, Բաթում և այլն։

Այն ժամանակ հայ հարուստը դեռ մի աղա էր, մի վաշխառու կամ подрядчик կառավարչական գործերում։ Դեռ մինչև այժմ էլ հայ վաճառականը չի ազատվել իր չարչիական հոգեբանությունից, նա դեռ եվրոպական բուրժուազիայի կերպարանքը չի ընդունել։

Գյուղը և գյուղացին իդեալացման առարկաներ էին։ Գյուղում էր որոնում հայ ինտելիգենտը ազգի հիմքը և առաջադիմության իր բոլոր հույսերը կառուցանում էր այդ, նորա կարծիքով ամուր և անխախտ, հիմքերի վրա։ Եվ մեր բանաստեղծը այդ պայմանների ծնունդն է, այդ ինտելիգենցիայի հարազատ ու ընտիր անդամներից մեկը։ Նա տոգորված է նույն գաղափարներով։ Նա ապրում է հեռավոր հյուսիսում, սակայն նրա հոգին և միտքը անքակտելի կապերով կապված են հայրենիքում գործող ուժերի հետ, այնտեղից են սնունդ առնում և հայրենիքի կյանքով են ապրում։ Արծրունին և Րաֆֆին, Նազարյանն ու Նալբանդյանը, Պատկանյանը և Շահազիզը, ահա նրա ուսուցիչները։ Մանավանդ վերջին երկուսը։ Սոցա թևերի տակ է սնվել ու մեծացել Ծատուրյանը, սոցա քնարն է ժառանգել և ըստ օրինաց տրամադրության այն ժամանակի եղել է նախ քաղաքացի, ապա բանաստեղծ։ Ունենալով մի նուրբ լիրիկական տաղանդ, մի քնքուշ քնար, նա հաճախ, շատ հաճախ, հեռու է մղել մաքուր գեղարվեստը և իր քնարը նվիրել հասարակական հարցերին, սակայն հասարակական ցավերը երգելիս, մեր կյանքի