Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անաչառ վերաբերմունքի առարկա լինել նույն ներկայում ապրող, մտածող ու զգացող մարդու համար։ Ես կարծում եմ, որ պատմագիրներն էլ անաչառ չեն ու չեն կարող լինել, սակայն դա կարևոր չէ ներկա դեպքում։ Թվում է, որ այդպիսի հաշվետվություն մեր մերձավոր անցյալի և նրա հետ անմիջական կապերով շաղկապված ներկայիս մի քանի երևույթների մասին և կարևոր է, և հետաքրքրական, բոլոր այն մարդկանց համար, ով անտարբեր չէ դեպի մեր ներկա և մանավանդ ապագա մտավոր հոգեկան կյանքը, դեպի մեր գրականությունը, մեր արվեստը։ Բնականաբար ես չպիտի կանգ առնեմ մանրամասնությունների վրա, ոչ էլ պիտի ջանամ մանրակրկիտ ու ամբողջական ուրվագիծը տալու մեր գրական հասարակական կյանքի. շատերին չպիտի հիշատակեմ իսկ։ Ներկա դեպքում ինձ հետաքրքրողը ընդհանուր հարցեր են։

Պարզեմ ասածս։

Ինչպես հայտնի է, Լոմոնոսովը հսկայական դեր ունի ռուս գրական, գիտական, առհասարակ մտավոր զարգացման պատմության մեջ. դա հայտնի է ամենքին, սակայն երևակայեցեք, որ դուք այժմ կարդում եք նրա ոտանավորները — որպիսի՞ կարծիք կհայտնեք դուք այդ ոտանավորների մասին։ Օրինակ, եթե կարդաք նրա «Ապակու օգտանկարության» մասին գրած ոտանավորը։ Բնականաբար դուք շատ բացասական վերաբերմունք պիտի ցույց տաք դեպի այդ գրողը։ Սակայն չէ՞ որ Լոմոնոսովը իսկապես մի հսկա է ռուսաց կուլտուրայի պատմության մեջ, մի չտեսնված մեծություն, մի մարդ, որին ամենայն իրավամբ կարելի է մի շարքում դասել ռուսական կուլտուրայի ամենաերախտավոր գործիչների հետ։ Այս վերապահումը ես կարևոր համարեցի թյուրիմացության տեղիք չտալու համար։

Այժմ դառնանք մեր խնդրին։

Ես ասացի, որ մեր մերձավոր անցյալը իր որոշ գծերով դեռ գոյություն է պահպանում ներկայում, գուցե և մի քիչ ուրիշ գունավորությամբ, երբեմն այլ անվան տակ, հաճախ կարծես թե բոլորովին աննկատելի կերպով։ Եվ դա բնական է, որովհետև չէ՞ որ մեր օրերում իսկ դեռ կենդանի են այդ «վերածնություն» կոչվող շրջանի ականատեսները, մեր նոր գրականության առաջին առաքյալների մերձավոր աշակերտներն ու հետևողները, մինչև իսկ գուցե նրանց հասակակիցներն ու նիզակակիցները։

[1]

  1. 4 Վահան Տերյան, հ․ III