Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԻՔ ՕՐԸ


I

Հայ գրականության կրիզիսը և արժեքների վերագնահատությունը: Հայ գրականության հիմնական գաղափարները: Կրոնական ստեղծագործությունը և կղերական հանրայնությունը: Ազգային ուտիլիտարիզմը հայ կրիտիկայի մեջ և գեղարվեստական ստեղծագործությունը: Կուլտուրական ազգ և ազգային կուլտուրա: Հայ գեղարվեստական գրականության էտապները:

Մեր նոր գրականության արշալույսը դեռ այնքան մոտ է մեզ, այնքան թարմ են դեռ նրա առաջին քայլերի անհաստատ հետքերը, որ, ըստ երևույթին, չափազանց դժվար պիտի թվա մեզ այսօր սառնարյուն ու անաչառ պատմագրի դերը մեր այդ մերձավոր անցյալի նկատմամբ։ Սակայն ես հեռու եմ այսօր մի այդքան ծանր ու դժվարին դեր իմ վրա վերցնելու հավակնությունից։ Առաջուց պետք է ասեմ, որ այդ անցյալին ես մոտենալու եմ իբրև ներկայի մարդ, իմ բոլոր համակրություններով ու հակակրություններով, ես անաչառ լինելու հավակնություն չունեմ, ոչ էլ ցանկություն և ահա թե ինչու։ Ինձ թվում է, որ այդ մերձավոր անցյալը դեռևս, ինչպես ասում են, «պատմության գիրկը չի անցել», ինձ համար նա մեռած է և օտար, ինչպես և այն նոր սերնդի համար, որին ես պատկանում եմ, սակայն մեր կյանքի մեջ այս կամ այն չափով, այս կամ այն ձևով, այս կամ այն անվան տակ դեռ պահպանվում են այդ անցյալի խոշոր բեկորները։ Այն, ինչ մենք բոլորս գուցե արդեն անցյալ ենք համարում, դեռ ապրում է մեր մեջ իր անկենդան, բայց և այնպես ոչ աննկատելի կյանքը։ Ահա թե ինչու ես ասում եմ, որ անաչառ լինելու ոչ հավակնություն ունեմ, ոչ էլ ցանկություն։ Ես պատկանում եմ ներկային և այն ամենը, ինչ պահպանում է դեռ իր որոշ ազդեցությունը ներկայի վրա, բնականաբար չի կարող անտարբեր, կամ, ինչպես պատմագիրներն են ասում,