Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաճախ անձնական տարրեր շատ ունեն, հասարակական շատ փոքրամաս զանգվածի արտահայտիչ են, այլ առավելապես հասարակական մտքի խոշոր հոսանքները, խոշոր հատվածների աշխարհայացքները։

Պրոֆեսոր Վենգերովը ռուսաց գրականության հիմնական ու առանձնահատուկ գիծը համարում է ուսուցողական ոգին, եղբայրասիրական և մարդասիրական շունչը, նրա մեջ իշխող հասարակական մորալի, անձնական խղճմտանքի հարցերը, գերագույն արդարության և ճշմարտության խնդիրները։ Իհարկե այդպիսի ընդհանուր բնորոշումները միշտ էլ որոշ չափով միակողմանի են լինում, և դա բնական է, որովհետև գրականության մղիչ ուժերը բազմազան են, նրա աղբյուրները անթիվ են և խոր, որպես հասարակական կենսական ամեն մի բարդ երևույթի հիմքերը, սակայն չի կարելի ժխտել, որ որոշ հետաքրքրություն կարող են ներկայացնել այդօրինակ ընդհանրացումները և որ այդպիսի ընդհանրացումները կարող են պարունակել ճշմարիտ գծեր։ Ուրեմն եթե թույլատրելի է այդպիսի ընդհանրացումներ անելը, հետաքրքրական է հարց տալ, թե որո՞նք են արդյոք հայ գրականության որոշիչ, հատկանշական գծերը և որո՞նք են նրա հիմնական գաղափարները։ Այստեղ ևս հիշեցնում եմ, որ ես նպատակ չունեմ մանրամասնությունների վրա կանգ առնելու — ես նպատակ չունեմ հայ գրականության բոլոր գլխավոր, իշխող գաղափարները մատնանշելու կամ քննելու։

Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է։ Սակայն այդ ընդհանուր և իշխող գաղափարն ունեցել է մեզանում իր բնորոշ ու առանձնահատուկ գույնը, որ գրեթե բոլորովին անհասկանալի է օտար մարդուն թե իր էությամբ, թե արտահայտության ձևով։

Հայրենիքի երգը հնչել է մեզանում առավել կամ պակաս ուժեղ Եղիշեից ու Խորենացուց սկսած մինչև մեր օրերը։ Այդ գաղափարը կարմիր թելի նման անցնում է մեր գրականության միջով սկզբից մինչև մեր օրերը, դարձել է մի անբաժանելի հատկանիշ, գունավորել է մեր ինտելիգենցիայի միտքն ու երևակայությունը դարեր շարունակ, անշուշտ իր կոնկրետ ձևերի որոշ շեղումներով ու տաբրեր գույներով, սակայն էությամբ միշտ նույնն է մնացել — մի ֆանտոմ է եղել, մի զորություն, որը մղել է դեպի հերոսական