Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

II

Մեր գրականության հերթական հարցերը: Լեզու և ստիլ: Գրական լեզվի զարգացման ուղիները: «Արվեստական» և «բնական» լեզու: Լեզվի կենտրոնացման խնդիրը: Եվրոպան և մենք: Ռուսիան և Թուրքիան: Ռուս ազդեցությունը: Նոր ծիլեր: Գալիք օրը:

Մենք ասացինք, որ մեր գրականության նախապատրաստական շրջանն անցնում է կամ անցել է։ Մենք կանգնած ենք նոր հորիզոնների առջև, մեր գրականությունը թևակոխում է մի նոր շրջան։ Մի նոր դարագլուխ է սկսվում, կամ, ավելի ճիշտ, սկսվել է արդեն մեր գրականության մեջ։ Սակայն հետաքրքրական է և կարևոր իմանալ, եթե ոչ մանրամասնորեն ու ճշգրիտ, գեթ ընդհանուր գծերով, մոտավորապես թե որոնք են այն ուղիները, որոնցով գնալու է մեր գրականության զարգացումը, որո՞նք են ուրեմն և այն հերթական հարցերը, որ պիտի լուծե մեր գրականությունը իր այս նորոգ շրջանը թևակոխելով առաջին իսկ քայլերից։ Մեզ կարևոր էր պարզել ոչ միայն այն, թե դեպի ուր ենք սնում, որն, է մեր նպատակը, այլև, իհարկե, այն, թե որտեղից ենք ելնում և ուր ենք ուզում գնալ։ Եթե մենք չենք կամենում լինել անպտուղ ցնորողներ և օդային ամրոցներ կառուցանողներ, բնականաբար պիտի ելնենք տվյալ իրականությունից, պիտի հաշվի առնենք բոլոր այն հանգամանքները, որ հարկադրիլ զորություն ունին կուլտուրական զարգացման համար: Միևնույն ժամանակ մենք պիտի պարզ պատկերացնենք մեր գեթ մոտավոր նպատակները, չպիտի տարվենք անմիտ և ունայն կառուցվածքներով։ Մեր մոտավոր նպատակն է կուլտուրական մի ժողովուրդ լինել, այսինքն զարգացնել մեր բոլոր ստեղծագործ ուժերը, այլ խոսքով՝ արտահայտել մեզ կյանքում, այսինքն մտնել կուլտուրական մարդկության գերդաստանը ոչ իբր խորթ զավակ, կամ ծույլ ու խավար մի ստրուկ, ձուլել մեր կյանքը համամարդկային կյանքի հոսանքին, պահպանելով մեր հոգեկան առանձնահատուկ գծերն ու գույները։ Այլ խոսքով՝ ունենալ մեր ինքնատիպ կուլտուրան, մեր ստեղծագործական բաժինը հանուր մարդկային ստեղծագործության մեջ։ Որովհետև կյանք նշանակում է ստեղծագործություն — ուր չկա ստեղծագործություն, չկա և կյանք։

Որքան զարգացած է ընդհանուր կուլտուրան, այնքան ավելի