Այդ գավառաբան քաղաքը ձեր առջև պատակերանում է իր ամենաբնորոշ գծերով, սակայն ամենից կարևորն ու հետաքրքրականն այն է, որ Համսունի գավառական քաղաքը իր բնույթով շատ հասկանալի է ձեզ, հասկանալի է և գերմանացուն, և ռուսին, և ֆրանսիացուն, մինչդեռ, օրինակ, մեր Շիրվանզադեի գավառական քաղաք — մի Շամախի — ոչ միայն եվրոպացուն, այլև երբեմն և մեզ անհասկանալի է մնում։ «Սոս և Վարդիթերը» մի ռուսի համար բոլորովին անհասկանալի բան է, մինչդեռ Պեր Գյունտը —ամենքի համար հասկանալի է՝ չնայած իր ազգային բնույթին։ Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ — այնտեղ առաջ մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն միայն հագուստն է, իսկ մարդը չկա։
Մեր թատրոնը, որքան և թերի լինի այժմ՝ անշուշտ ավելի կանոնավոր է, ավելի լավ, քան նախկին թատրոնը։ Այստեղ հաշվի չպետք է առնել առանձին խոշոր անձնավորություններին, ինչպես Ադամյանը։ Ներկա դեպքում ավելի կարևոր է ընդհանուր մակերևույթը, որովհետև եթե մի օր ծագե մի նոր Ադամյան, նա արդեն ուրիշ պայմաններում կզարգանա ու կապրի, նա արդեն ավելի նշանավոր դեր կկատարե մեր ապագա կուլտուրայի նկատմամբ, քան կարող էր կատարել Ադամյանը իր ժամանակ և իր պայմաններում։
Նույնը կարելի է ասել մեր մամուլի վերաբերմամբ, մեր քննադատության վերաբերմամբ, մեր հրապարակագրության և նույնիսկ մեր դպրոցի վերաբերմամբ։ Բայց այդ ամենը շատ պայմանական, համեմատական չափով։ Իհարկե, Թումանյանը կգնա իր ուղին և կտա գուցե շատ ու շատ փայլուն ու չքնաղ գործեր, գուցե և ուրիշները տան արժանավոր գործեր։ Իսահակյանը դեռ որոնումների մեջ է։
Սակայն պարզ է մի բան, որ մեր գրականության մի շրջան — նախապատրաստական շրջանը վերջացել է։ Այժմ հարց է ծագում, ո՞ւր պիտի գնա մեր գրականության ուղին։ Որո՞նք են այն ճանապարհները, որ պիտի հանեն գրականությունն այս դրությունից տանեն դեպի նոր ափեր։