Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասել, իսկ «տրոտուարի» տեղ` «топталище» և այլն։ Եվ եթե «мокроступы» ասելով կհասկանաք դուք գալոշ, ուրեմն և կրկնակոշիկ ասելով։ Բանն այն էր, որ ախր կրկնակոշիկը կարող է բնավ գալոշ չլինել, իսկ վերարկուն — պալտո կամ էլեկտրաքարշը — տրամվայ։

Լեզուն կուլտուրայի ամենազորեղ մղիչն է, մարդու ամենանհավատարիմ ու անդավաճան մխիթարիչն ու սփոփիչը — անխոս բնության, անբարբառ տիեզերքի առջև։

Եթե լեզուն, ասում է Մաքս Մյուլլերը4, բնության ստեղծագործությունն է, ապա դա բնության ամբողջ ստեղծագործությունը պսակող մի հրաշալիք է, որ պահպանված է եղել մարդու համար, եթե դա մարդկային ստեղծագործության արդյունք է, ապա նա բարձրացնում է ու հասցնում մարդուն աստվածային աստիճանի, եթե աստծո պարգև է` ապա դա նրա ամենամեծ ու ամենաթանկագին պարգևն է… Ամենահին դարերից սկսած խոսքը եղել է հիացումի առարկա մարդկանց համար։ Ո՛չ արտաքին աշխարհը կամ բնությունը, ո՛չ մարդու ներքին աշխարհը չեն հարուցել այնքան խոր զմայլմունք ու զարմանք, որքան լեզուն։ Եվ դրա համար է, որ դարերից ի վեր ժողովուրդը առանձին մի հավատ ունի դեպի խոսքը։ Խոսքը դարձել է հավատալիք, պաշտամունքի առարկա։ Խոսքի զորությունը ահեղ է, անքննելի և ամենակարող՝ ժողովրդի աչքում մինչև մեր օրերը։ Խոսքը կենդանի շունչ է համարվում — ոգի, զորություն կախարդական։ Դեռ 1812 թ., ասում է պրոֆեսոր Բոդուեն դե Կուրտենեն, մի ֆրանսիացի, որ Նապոլեոնի հետ ընկել էր Մոսկվա, հավատացնում էր հետո իր հայրենակիցներին, որ Ռուսաստանում այնպիսի խիստ սառնամանիք է լինում, որ խոսքերը շրթունքներից դուրս են թռչում, բայց մինչև լսողի ականջը չեն հասնում՝ որովհետև ճանապարհին սառչում են։

Լեզուն կուլտուրայի ամենաճշգրիտ ու անսխալական նշանացույցն է։

Ամեն լեզվի մեջ, ասում է հայտնի ռուս լեզվագետը, մենք կարող ենք գտնել զանազան աշխարհահայացքների, տարբեր մտածողությունների մի հսկայական կառուցվածք, նրանց ժամանակագրական հետևողությամբ, կամ հասարակական կյանքի տարբեր ու անջատ կողմերի պարզորոշ արտահայտությամբ՝ այստեղ դասավորվում են շերտ առ շերտ կրոնական, մետաֆիզիկ,