Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխարհաբարի մի խառնուրդ, մյուս կողմից առաջադրվում էր մի բնական լեզու, կենդանի մի բարբառ ժողովրդի բերանից վերցրած։ Որի՞ն պետք էր առավելություն տալ և որի՞ն պիտի պատկաներ ապագան։

Թվում էր, թե կենդանի, «բնական» լեզվին էր պատկանելու ապագան, որ նա պիտի տիրող հանդիսանար և հաղթեր։ Սակայն այդպես չեղավ։

Այստեղ ևս մենք պիտի գնայինք այն ճանապարհով, որով գնացել են բոլոր եվրոպական ազգերը։ Առանց այդ ճանապարհի վրա կանգնելու անհնար էր առաջ գնալ, որովհետև այդ է միակ ճանապարհը և իզուր չէր, որ այդպես էր գնացել բոլոր մյուս ազգերի զարգացման ուղին։

Լեզուների պատմությունը մեզ ասում է, որ հասարակական տարբեր խմբակցությունների լեզուները ազդում են իրար վրա, խառնվում, և այդպիսով ստեղծվում է մի նոր լեզվական միություն: Այդ լեզուների իրար խառնվելը կարող է զանազան աստիճանների հասնել — սկսած մինիմումից մինչև մաքսիմում, այսինքն մինչև լեզվական դենացիոնալիզացիա, երբ մի ազգ ընդունում է մի ուրիշ ազգի լեզուն։ Ինչպես, օրինակ, հրեաները։ Այդ լեզուների փոխադարձ հարաբերության մեջ մտնելու հետևանք լինում են՝ 1) օտար բառերը, որ այն լեզվի մեջ, որն ընդունել է այդ օտար բառերը, ենթարկվում են կատարյալ ասիմիլյացիայի, 2) կատարելապես չեն ենթարկվում ասիմիլյացիայի, պահպանելով իրանց օտար ծագման հետքերը, կամ երկու լեզվական տարր միանում են և փոխադարձաբար ձուլվում իրար։

Օրինակ, այդպիսի մի խառը լեզու է հայոց լեզուն։ Դա պարզ ապացուցել է Մառը։

Եվ հիրավի, գերմանական գրականության լեզուն ծնվել է սաքսոնական դիվանատներում լատին լեզվի գերիշխող ազդեցության տակ, լեհական լեզուն չեխերի, գերմանացիների և նույն լատին լեզվի խոր ազդեցության տակ է առաջ գնացել։ Նույն լատին լեզվի ծնունդն է իտալերենը։ Նույնպիսի ընդհանուր ազդեցությունների տակ զարգացել են անգլիական լեզուն և Սկանդինավիայի լեզուները։ Նույնը եղել է և Ռուսիայում, ուր գրական լեզուն զարգացավ հին սլավոնական լեզվի անմիջական ազդեցության տակ, թեպետ գերիշխող հանդիսանում է վելիկոռուսների բարբառը,