բառը, սակայն նա դարձել է գրական մի լեզու, մի արհեստական, ինչպես ասում են, լեզու, որ ընդունել է իր մեջ ահագին նյութ թե օտար լեզուներից, թե հարազատ ու ցեղակից բարբառներից։
Ճիշտ նույն ձևով, ինչպես մեզ մոտ, նա սկզբում եղել է ավելի մեռած, կիսակենդան, թույլ, հետո կենդանացել է և հասել է իր զարգացման այն հսկայական բարձունքին, ուր շողշողում է Պուշկինի դյութական անունը։
Սակայն Պուշկինը երկնքից չիջավ։ Նրա գալուստը պայմանավորված էր Սումարոկովի, Լոմոնոսովի, Դերժավինի հայտնվելով։ Եվ մինչև որ գրականությունը չանցներ այդ մարդկանց մեռած լեզվի բովով, մինչև որ չընդուներ իր մեջ Սումարոկովի կեղծ-կլասիցիզմն ու Ժուկովսկու և Կարամզինի սենտիմենտալիզմը և ռոմանտիզմը, չէր կարող անցնել Պուշկինին։
Բայց ախր Պուշկինն էլ մեկ չէր սկզբում և վերջը։ Նա ևս դեռ սկզբում պիտի անցներ ռոմանտիզմի գծած ճանապարհի մի մասը, մինչև որ հասավ իր բյուրեղյա պարզությանը, իր վսեմ ու բարձր ռեալիզմին — թե լեզվի, թե ձևի, թե բովանդակովության կողմից։ Այս է բնական ճանապարհը։ Եվ մեզանում էլ, եթե դուք համեմատելու լինեք Աբովյանի լեզուն և Թումանյանի առաջին իսկ շրջանի լեզուն (ես դիտավորյալ եմ ասում առաջին շրջանի) կամ Հովհաննիսյանի արարատյան բարբառով գրված երգերը, կտեսնեք, որ այդ երկու լեզվի մեջ սարեր կան, որ դոքա գրեթե երկու տարբեր լեզուներ են։ Մինչդեռ նույն ուղղությունն էր առաջ մղում նրանց լեզվի ասպարեզում։
Աբովյանի լեզուն գնալով ավելի ու ավելի պարզվում էր ու հստականում, ավելի ու ավելի մոտենում էր գրական լեզվին։ Նույն Թումանյանի լեզուն ապրել է մի շատ բնորոշ ու նշանակալից էվոլյուցիա։ Առաջին շրջանում, երբ նա ստեղծագործել բարբառով, գրել է ավելի խրթին ու լի բարբառաբանություններով և աստիճանաբար գնացել է դեպի զտում, դեպի բյուրեղացում պահպանելով բարբառից իր լեզվի մեջ միայն այն, ինչ չկա գրական լեզվի մեջ, այսինքն կանգնելով ուղիղ ճանապարհի վրա։
Այժմ էլ եթե նա գրե մի այնպիսի բան, ինչպես «Շունն ու կատուն» է, և գործածե նույն բարբառը, դա չի նշանակում, որ նա դառնում է բարբառին, այլ որ նյութն ինքը ստիպում է իրան այդ լեզվով գրել։ Եվ այդպիսի գրվածները կլինեն նույնպիսի առանձնահատուկ